“Շանհայի համագործակցության կազմակերպությունը”, որի մասին և Մոսկվայում և Պեկինում ժամանակին կարող էին միայն երազել, այսօր ներառում է իր մեջ տասնմեկ մշտական անդամներ ու դիտորդներ: Ավելին, այն այսօր մի այնպիսի հզոր ուժ է ներկայացնում իրենից, որ ռեալ վտանգ է ստեղծել Արևմուտքի մենատիրական համակարգի դեմ' մերժելով նույնիսկ ԱՄՆ խնդրանքը' ներկա գտնվել ՇՀԿ նիստերին դիտորդի կարգավիճակով:
ՇՀԿ գաղափարը ծնվեց տարիներ առաջ Մոսկվայում ու Պեկինում, այն ժամանակ, երբ ԱՄՆ հանդես եկավ որպես համաշխարհային միակ գերտերություն ու իր քաղաքականությամբ սկսեց օժանդակել գլոբալ նոր կարգի ձևավորմանը: Այդ ժամանակ դեռ նոր էր քայքայվել Խորհրդային կայսրությունը և Սառը պատերազմը տանուլ տված Ռուսաստանը իր գերտերություն լինելու կարգավիճակը կորցրած նոր նոր սկսում էր ուժ հավաքել: Չինաստանի հետ միասին, որին անհրաժեշտ էր կողքին ունենալ գաղափարակից դաշնակից Արևմուտքի ու ճապոնիայի տնտեսական ազդեցությանը դիմակայելու համար, կնքվեց Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծման պայմանագիրը:
Ռուսաստանը, որն ըստ էության առանցքն ու միջուկն էր հանդիսանում ԱՊՀ-ի, առանձնակի զգայունություն էր ցուցաբերում նախկին Միության երկրների ու Արևմուտքի, հատկապես ԱՄՆ հետ հարաբերություններին ու ինտեգրացիոն պրոցեսներին, ուստիև նախընտրեց միավորել այդ երկրները նաև նոր տարածաշրջանային պայմանագրի մեջ:
Որոշ միջինասիական երկրներ, որոնք հարաբերականորեն նոր էին անկախություն ստացել, ու ոչ վաղ անցյալում հանդիսանում էին Միութենական հանրապետություններ, մինչ այսօր ամենասերտ հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ ու դրական ու պատրաստակամորեն արձագանքեցին նոր համաձայնագրի ստորագրմանը, որը նոր միության հույս էր տալիս: Այսպես էլ ստեղծվեցին այն նախադրյալները, որոնք հետագայում դրվեցին նոր կազմակերպության հիմնարար փաստաթղթերի ու գաղափարական հենքի հիմքում:
Եվ այսպես 1996 թ. ապրիլին Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը չինական Շանհայ քաղաքում ստորագրեցին ռազմական համագործակցության համաձայնագիր, որը արդեն ավելի վաղ գոյություն ունեցող ռուս-չինական նմանատիպ համաձայնագրի անալոգն էր:
2001 թ. համաձայնագրին միացավ Ուզբեկստանը: Այսպես համաշխարհային արենայում ձևավորվեց Շանհայի համագործակցության կազմակերպությունը: 2004-ին կազմակերպությանը միացավ Մոնղոլիան, 2005-ին' Իրանը Հնդկաստանն ու Պակիստանը, իսկ 2012-ին' Աֆղանստանը: Իհարկե վերջին անդամագրված պետությունների համար ըստ կանոնակարգի դեռևս գործում է դիտորդ-անդամի կարգավիճակը:
Այն ժամանակ, երբ երեք ասիական տերություններ Իրանը, Հնդկաստանն ու Պակիստանը ցանկություն հայտնեցին 2005-ին անդամագրվել կազմակերպությանը, նմանատիպ ցանկություն հայտնեց նաև ԱՄՆ-ն, սակայն կազմակերպության անդամ երկրները հրաժարվեցին ընդունել Ամերիկայի անդամակցության հայցը:
\շարունակելի\