ԻԻՀ միջուկային հիմնախնդիրը կարող է լուծվել մինչև տարեվերջ, եթե Թեհրանը հրաժարվի Մոսկվայի հետ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններից, իսկ մինչ այդ Արևմուտքի համար հիշյալ հիմնախնդիրը կունենա ոչ միայն ԻԻՀ, այլև ՌԴ վրա ազդող կարևոր լծակի նշանակություն, քանի որ սահմանափակելով Իրանի հնարավորություններն էներգետիկ ոլորտում՝ ինքնաբերաբար կթուլանա ռուսական ազդեցությունն Իրանում, նաև տարածաշրջանում:
Ըստ ԻԻՀ և ՌԴ ԱԳ նախարարների միջև ս.թ. օգոստոսի 29-ին ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուսներն ստանձնել էին Բուշեհրում երկու նոր ատոմակայան կառուցելու պատասխանատվությունը, խոստացել էին աջակցել Իրանին միջուկային հիմնախնդրի շուրջ «5+1» երկրների հետ բանակցություններում, ինչպես նաև իրանական կողմի հետ քննարկել էին հակաահաբեկչական համատեղ միջոցառումներ իրականացնելու խնդիրը:
Հետևելով Նյու Յորքում Իրանի և «5+1» երկրների միջև այս օրերին տեղի ունեցող բանակցային գործընթացին՝ կարելի է ենթադրել, որ Արևմուտքը փորձում է պատասխանել ռուս-իրանական նախաձեռնություններին՝ ԻԻՀ միջուկային հիմնահարցում զիջումներ չանելով և ընդգծելով Իրանի կողմից կատարվելիք անհրաժեշտ քայլերի նախկին պահանջները, ինչպես նաև թույլ չտալով Իրանին մասնակից դառնալ «Իսլամական պետության» դեմ հակաահաբեկչական գործողություններին:
Գերմանիայի ԱԳ նախարարի՝ ս.թ. սեպտեմբերի 19-ին հնչեցրած այն հայտարարությունը, որ Իրանն այլևս չի կարող բանակցություններում ուղղակի ժամանակ վատնել, թույլ է տալիս համոզվել Արևմուտքի՝ կոշտ դիրքորոշում որդեգրելու հարցում: Փաստորեն, Իրանը կանգնած է ընտրության առջև՝ Արևելք, թե՞ Արևմուտք:
Ռուդիկ Յարալյան