«Իսլամական պետության» (ԻՊ) կողմից վերահսկվող տարածքներում տիրող իրավիճակի, դրանցում տեղի ունեցող ներքին գործընթացների, վարվող քաղաքականության մասին քիչ բան է հայտնի. պատճառը տեղեկատվության պակասն է: Իսլամականները միտումնավոր կերպով հրապարակում են այնպիսի լուրեր, որոնք բացառապես բխում են իրենց շահերից, նպատակ են հետապնդում՝ նպաստելու կառույցի շարքերի համալրմանը, նրա համար ռազմավարական կարևորության խնդիրների լուծմանը և այլն: Այդ իսկ պատճառով, միջազգային անցուդարձով հետաքրքրվող շարքային մահկանացուի մոտ միայն ԻՊ-ի անվանումն արդենիսկ ասոցացվում է սպանության, բռնության, դաժանության, ավերի, թալանի և նմանատիպ այլ անմարդկային երևույթների հետ:
Եվ ահա, միջազգային մի շարք լրատվամիջոցներ միաժամանակ հաղորդել են, որ ԻՊ-ի զինյալները ձեռնամուխ են եղել շուրջ երեք ամիս առաջ գրաված Իրաքի երկրորդ քաղաքը հանդիսացող Մոսուլի շիա և քրիստոնյա (քրիստոնյաներին առաջարկվել էր դավանափոխ լինել, կամ գլխահարկ վճարել՝ համապատասխան շարիաթի դրույթների) բնակչությանը պատկանող ունեցվածքի բռնագրավմանը. քաղաքի՝ վերոնշյալ դավանական խմբերի ներկայացուցիչները հիմնականում հեռացել են իրենց բնակավայրերից իսլամականների հարձակման սկզբնական շրջանում:
Այդ նպատակով վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել է շիաներին և քրիստոնյաներին պատկանող ունեցվածքի հաշվառում, այդ թվում նաև այն մասի, որի համասեփականատեր են հանդիսանում սուննի մոսուլցիները, ինչից հետո զինյալները պահանջել են սուննի փայատերերից՝ ԻՊ-ին տրամադրել փախստականների հասանելիքը՝ հակառակ դեպքում սպառնալով բռնագանձել ամբողջը:
Միևնույն ժամանակ, իսլամականները մզկիթներում, հրապարակներում հրապարակում են հրամանագրեր, որոնց միջոցով կոչ են անում փախստական սուննիներին՝ վերադառնալ Մոսուլ, այլապես նրանք կհայտարարվեն ուխտադրուժ, իսկ նրանց սեփականությունը ևս կբռնագանձվի:
Հիրավի, «Իսլամական պետության» ներքին կյանքին վերաբերող մանրամասնություն է վերոշարադրյալը, մինչդեռ խոր իմաստով այն ևս իր մեջ նույն նպատակն է պարունակում, ինչ բռնությունների, թալանի մասին կառույցի կողմից պարբերաբար հրապարակվող մյուս լուրերը: Ակնհայտ է, որ այսկերպ ևս անթաքույց փորձ է արվում գայթակղություն առաջացնել հատկապես սոցիալապես անապահով վիճակում գտնվող երկրագնդի մուսուլմանների մոտ՝ շտապելու համալրել ԻՊ-ի շարքերը և տիրել երբեմնի ամենահարուստ իրաքյան քաղաքի հարյուր հազարավոր փախստականների ունեցվածքին:
Արմեն Պետրոսյան