ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ԼՈՒՐՋ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՖՈՆԻՆ


Բավական տխուր օրեր են սպասվում Հայաստանին: Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ընթացող պատժամիջոցների քաղաքականությունը շատ շուտով իրեն զգացնել կտա արդյունաբերություն չունեցող Հայաստանում: Ռուսաստանը ինչքան էլ հիմա փորձում է համոզել, որ իրեն չեն խեղճացնի, բայց պետք է հասկանալ, որ տնտեսական առումով Ռուսաստանն այն հզորությունը չունի, որ մեկուսացման պայմաններում նրա ֆինանսատնտեսական ու արդյունաբերական համակարգը չերերա: Մեծ թափով կրճատվելու են Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները, հետևանքը՝ հազարավոր հայեր, որոնք Ռուսաստանի իրենց հարազատներից ստացվող գումարով են այսօր գոյատևում, հայտնվելու են բարդագույն խնդրի առաջ՝ հաշվի առնելով գնաճի այսօրվա տեմպերը, ռուբլու կատաստրոֆիկ արժեզրկումը, որը դեռ կշարունակվի: Վիճակը էլ ավելի կբարդացնի օլիգարխիկ համակարգը, քանի որ վերջիններս առաջին խոչընդոտն են արդյունաբերության զարգացման ճանապարհին: Բացի այդ, որոշ օլիգարխներ, թքած ունենալով Հայաստանի բնակչության վրա, մեծ եկամուտներ ապահովելու նպատակով, օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը արգելք է դրել Եվրոպայից ստացվող բանջարեղենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքատեսակների վրա, չեն վարանի շրջանցել Հայաստանը ու ներկրած իրենց ապրանքները միանգամից տանել ու դատարկել Ռուսաստան: Արդյունքում շուտով, մեր իշխանությունները, եթե իհարկե այդ աստիճան անասուն չեն, ստիպված կլինեն հայտարարել, որ ՀՀ-ում տնտեսական աճի ցուցանիշը մոտենում է զրոյին՝ իր բոլոր տրամաբանական հետևանքներով, և այս անգամ քաղաքական նպատակներով սանձազերծված ճգնաժամը Հայաստանը չի շրջանցելու, քանի որ գործնականում ազդելու է նաև առևտրի վրա:

 

 

Տիգրան Հարությունյան