Վերջին օրերին ամենաշատ քննարկված թեման Սյունիքի մարզպետի նշանակումն է՝ մեկը մեկից ՛՛չալաղաջ՛՛ մարզպետացուներով: Շրջանառվում են նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանի, գեներալ Վարդան Ավետիսյանի և էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի անունները:


Մի թեթև դիտարկենք թեկնածուների ցուցակը՝ առանց Սուրեն Խաչատրյանի, որովհետև նրա մասին գիտի ցանկացած մարդ՝ սկսած երրորդ դասարանից, և ավելացնելու ոչինչ չունեմ:


Խաչիկ Ասրյան. իսկապես ողբերգություն է, որ հենց նա է հավակնում բազմել Սյունյաց գահին: Այդ մարդը ակնհայտ տկարամիտ է և մոլագար, Սերժ Սարգսյանին հաճոյանալու միջոցով փոխնախարար է դարձել, այժմ էլ սիրտը մարզպետի պաշտոն է ուզում: Անլուրջ կլիներ, որ Ադոլֆիկը նշանակվեր մարզպետ:


Վարդան Ավետիսյանը ՊՆ գեներալ է: ՀՀ ԶՈՒ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այժմ ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետն է: Վարդան Ավետիսյանը ՀՀ Զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում, և տարիներ առաջ հենց ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկ արեց, և նշանակեց ավելի ցածր պաշտոնի՝ Տեղեկատվության վարչության պետ: Հենց Սերժ Սարգսյանը անտեսեց այն հանգամանքը, որ Վարդան Ավետիսյանը իր համագյուղացին է, և մտերիմ է իր հետ: Վարդան Ավետիսյանը չունի նաև կառավարման փորձ, ճանաչված չէ սյունեցիների կողմից: Նրա մասին Գորիսի Տեղ գյուղից բացի, երևի ոչ ոք չգիտի:


ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը շարունակում է հերքել, թե ինքը Սյունիքի մարզպետի պաշտոնի հավակնորդներից է: Չնայած չար լեզուները պնդում են, որ ջանքի չի խնայում նշանակվելու համար: Այս մարդը Հայաստանում այնքան անփառունակ գործունեւոթյուն է ծավալել և այնքան սկանդալային գործարքներ է կնքել, որ ուղղակի հասարակության համար արհամարանք կլիներ՝ նրան պարգևատրել ևս մեկ պաշտոնով:


Հիմա հարցի ողբերգական կողմին նայեք. ովքեր են Սյունյաց մարզպետացուները: Մեղք են սյունեցիները, իսկապես, որ այս աստղաբույլից պետք է իրենց ղեկավար կարգեն: Թերևս դա է պատճառը, որ այս անլուրջ հիտլերիկների, ՛՛ռաժալվատ՛՛ արած գեներալների և իշխանության անդեմ կամակատարի ֆոնին կրկին առաջ է եկել Սուրիկ Խաչատրյանին նշանակելու անհրաժեշտությունը:

 

 

Ռոման Բաբայան