Հայաստանը պետք է խաղաղապահների գումարտակ ուղարկի Իրաքում ու Սիրիայում ահաբեկիչների դեմ զորակոչվող միջազգային զինուժի կազմում: Սա գրեթե անհնար է ՀՀ այսօրվա վախվորած ու ամուլի «դիվանատգիտության» պայմաններում, սակայն հանրությունը պետք է գիտակցի, որ համաշխարհային քաղաքականություն արժանապատվորեն վերադարնալու լավագույն ուղին է' անվտանգության սպառողի կարգավիճակից անվտանգության երաշխավորի վերածվելն է, մի բան, որ ՀՀ/ ԼՂՀ բանակը քսան տարի իրականացնում է մեր տարածաշրջանում:

 

Այսօր մեր այս եզակի ու աշխարհում ամենակարևոր ունակությունը պետք է միջազգայնացվի և դրա իրավունքն ու պարտավորությունը մեզ տալիս է Հայոց Ցեղասպանության մոտեցող հարյուրամյակը: Քաղքենի խոսակցությունները, թե «մենք վտանգելու ենք սփյուռքի հայրենակիցներին և լավ է մեր սեփական խնդիրներով մտահոգվենք» ' քաղաքական սնանկության ու ապուշության նշան է: Նախ, Արևմտյան դաշինքի ջանքերին զորքով ու զենքով օժանդակում են մեր տարածաշրջանային գլխավոր դաշնակիցները' Իրանն ու քրդերը: Դրան հակադրվում են միայն Թուրքիան ու Ռուսաստանը, ընդգծելով սեփական դերը ինչպես այսօրվա, այնպես էլ հարուրմյա ողբերգության մեջ:

 

Բացի դա, ջարդերը իրականացվում են նաև հայ համայնքների դեմ ու Երևանի հանցագործ լռության ներքո վերջերս անպատիժ ու անհատույց ոչնչացվեցին Բաղդադի ու Հալեբի հայ համայնքները: Հայոց գումարտակի մասնակցությունը միջազգային խաղաղարար ուժերին մեր բարոյական պարտքն է Դեյր Զորի նահատակների առաջ: Այն մեզ կվերադարձնի այսօրվա ստորացուցիչ ստրկական կարգավիճակից քաղաքակիրթ աշխարհի գիրկը: Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ու հայոց բանակը պետք է ապիկար ու անշնորք իշխանությանը բացատրեն այս հրամայականը:

 

 

Տիգրան Խզմալյան