Ուկրաինայում պատերազմական գործողությունները վերսկսելու են նոր թափով ու շատ շուտով: Ու զարմանալ պետք չէ: Բավական է հիշել թեկուզ հենց Արցախյան պատերազմի փորձը, երբ գրեթե ամեն խոշոր օպերացիայից հետո հրադադար էր հայտարարվում, որի ընթացքում գերիների ու դիակների փոխանակություն էին անում, ուժերի վերակենտրոնացում էին անում, զբաղեցրած դիրքերում ինժեներական աշխատանքներ էին անում ու էլի սկսվում էր: Ու այսպես այնքան ժամանակ, մինչև կողմերից մեկը գրեթե ի սպառ քամեց իր ռազմական պոտենցիալը (1994-ին գարնանը ադրբեջանական բանակը դե ֆակտո դադարել էր իր գոյությունը, կազմակերպված դիմադրություն ցուցաբերում էին միայն առանձին ստորաբաժանումներ) ու էդ ժամանակ, ոչ առանց գերտերությունների ճնշման, ստորագրվեց հրադադար, որը քչից-շատից պահպանվում է մինչ օրս:


Հիմա նույնօրինակ պրոցեսսներ էլ տեսնում ենք Ուկրաինայում: Իրականում կողմերը բացի գերիների փոխանակությունից, ոչ մի կոնստրուկտիվ քայլ չեն անում՝ կոնֆլիկտի լուծման ու հաշտության ուղղությամբ: Երկու կողմերն էլ պարբերաբար խախտում են հրադադարը, երկու կողմերի վերնախավն էլ դեռ պատրաստ չէ վերջնական լուծման գալ, եթե չասեմ, որ երկու կողմերի վերնախավի շահերից է բխում պատերազմի շարունակությունը և հատկապես՝ Կիևյան խունտայի շահերից:


Ուկկրաինայում շուտով կայանալու են ընտրություններ, ինչը բերելու է ներքին իրավիճակի էլ ավելի ուժեղ ապակայունացման, իսկ եթե հաշվի առնենք, որ գոնե նոմինալ նեյտրալություն պահպանող քաղաքական ուժերը կամ վախենում են ակտօվորեն մասնակցել քարոզարշավին, կամ էլ ընդհանրապես հրաժարվել են ընտրություններին մասնակցելուց (ինչպես դա արեց Ռեգիոններ կուսակցությունը), դժվար չէ կռահել, թե ով ու ինչ նախընտրական խոստումներով է անցնելու Ռադա՝ գալիք ընտրությունների արդյունքում:


Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է ու արյան գետերը դեռ հա էլ հոսելու են Ուկրաինայում: Ու այսքանով հանդերձ, նորից ու նորից առաջ է գալիս հռետորական հարցադրումը. հը՞, դեռ այն կարծիքին եք, որ Յանուկովիչը սխա՞լ արեց, որ չճզմեց Մայդանը:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան