Փնտրում եմ: Չեմ գտնում: Չեմ գտել: Կգտնե՞մ: Չէ:


Պարզապես լինում են մարդիկ, ովքեր միշտ այնպիսի զգացողությամբ են ապրում, որ կյանքն իրենց կողքով անցնում է: Այլ փողոցներում, քաղաքներում, մոլորակներում է կյանքը, իսկ այստեղ ժամանակը կանգ է առել ու խեղդում է: Ամուր բռնած կոկորդը խեղդում է, չի թողնում լիարժեք շնչել: Գոնե շնչել:


Պարզապես լինում է այնպես, որ սխալված մարդն այլևս շանս չի ունենում: Երջանկությունը գալիս է, թակում բաց դուռը, բայց խորշում ու ներս չմտած գլխապատառ փախչում: Եվ այդպես ամեն գրողի տարած անգամ:


Պարզապես լինում են մարդիկ, ովքեր ճակատագրով արդեն իսկ անճակատագիր են: Նրանց վիճակված չէ զգալ, թե ինչ բան է մշտական անհոգությունը: Նրանք չեն կարող երբեք գլուխը բարձին դնել ու զգալ, որ միայնակ չեն ոչ մի պարագայում: Նրանց վիճակված չէ տաքացնելու ինչ-որ մեկի անկողինը:


Նմանը նմանին գտնում է, դառնում մի աննման նման: Եվ լինում են մարդիկ, ովքեր այնքան աննման են, որ իրենց նմանը չկա. էլ ինչպե՞ս նման աննմաններին նմանվեն: Պարզապես նման մարդիկ պետք է հանդարտվեն: Ու վերջապես հասկանան, որ անճակատագիր են: Ի վերջո մի կյանքն այնքան էլ երկար չէ անճակատագրությունը հաղթահարելու համար:


Լինում է այնպես, որ հոգնում ես փնտրելուց, գտածդ այն չէ, փնտրածդ էլ մի բան չէ: Պարզապես լինում են մարդիկ, ովքեր կիսախելագարված են լինում, խենթանում են մի օր, կորցնում են իրենց գույնն ու ձուլվում ֆոնին, կորցնում են իրենք իրենց ու քամելեոնանում սեփական անճանաչելիության մեջ:

 

Պարզապես կան մարդիկ, ովքեր անիմաստություններ են խոսում: Կան մարդիկ, ովքեր այլևս չեն դիմանում: Կան մարդիկ, ում աչքերը ցավում են չթափված արցունքներից, ում մատները ջարդվում են ցավոտ միայնությունից, ում սիրտը դադարում է աշխատել շարժիչ ուժի բացակայությունից: Պարզապես կան մարդիկ, ովքեր այլևս մարդ չեն: