Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։

 


Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
614թ. Պարսկաստանի Խոսրով Բ թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում։ Որպես անարգանք քրիստոնյաներին՝ Սուրբ Հարության տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև խաչափայտը։

 


Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի։
628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը։ Որպես պատմական վկայություն՝ նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից։ Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ։

 


Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով՝ բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում՝ ի տես բոլոր քրիստոնյաների։ Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը՝ Խաչվերացը։

 


Գրիգոր Տաթևացին ասում էր՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։
Շնորհավորում եմ բոլորիս նվիրական տոնը....

 

 

 

Սուրեն Սուրենյանց