Լրացավ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնավորման հարյուր տարին ու թեև պատմական առումով մեկ դարը շատ մեծ ժամանակահատված չէ, այնուամենայնիվ արժե ասել, որ հատկապես այս վերջին հարյուր տարիների ընթացքում համաշխարհային տիրապետության համար մղվող պայքարը արմատական բովանդակային փոփոխությունների է ենթարկվել: Առանց այդ փոփոխությունների բնույթը լիարժեք հասկանալու հնարավոր չէ նաև հասկանալ այսօր տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունն ու ուղղվածությունը: Առաջին աշխարհամարտը կարելի կոչել որակների պատերազմ, քանի որ պատերազմող խմբավորումների առանցքային դերակատարները՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ –ը, Ավստրո-Հունգարիան համադրելի էին կառավարող վերնախավերի աշխարհայացքային մակարդակների տեսանկյունից և պայքարն ընթանում էր բացառապես տնտեսական ոլորտում ռազմական միջոցներով առավելության հասնելու համար՝ չկար աշխարհայացքային տարբերությունների խնդիր: Երկրորդ աշխարհամարտը կարելի է կոչել որակի և կեղծ որակի պատերազմ, որում Առաջին աշխարհամարտի հաղթողները պետք է պահպանեին ու ամրապնդեին իրենց համաշխարհային տիրապետությունը գաղափարախոսական հիմնավորումներ կիրառող ու որակական կերպափոխման-դեգրադացման ենթարկված վերնախավեր ունեցող երկրների խմբավորման դեմ կռվում: Առաջինում հաղթողները «հաջողացրեցին» իրար դեմ հանել գերմանական ֆաշիզմն և խորհրդային կոմունիզմը ու հաղթել երկրորդ անգամ: Կարող ենք ասել, որ ԽՍՀՄ ապամոնտաժումով սկսվեց երրորդ Աշխարհամարտը, որը կարելի է կոչել որակի ու քանակի պատերազմ: Այս պատերազմում պայմանական «որակի խմբավորումը» պետք է կարողանա իր նախընտրած ձևով վերակազմավորել պայմանական «քանակի խմբավորմանը»: Այս կռվում «որակի խմբավորման» հաղթանակը երաշխավորված չէ, սակայն դրա պարտությունն ամենևին էլ «քանակի խմբավորման» հաղթանակ չի դառնա՝ այն պարզապես կհանգեցնի կառավարելի աշխարհակարգի փլուզման:
Արման Մելիքյան