
18 տարեկանում շոտլանդացի Ալեքսը ընդունվեց բրիտանական ամենահին համալսարաններից մեկը ու անմիջապես էլ սիրահարվեց համակուրսեցուն՝ լոնդոնցի Դեբբի Հորթոնին... Ցավն այն էր, որ նրանք տարբեր քաղաքական հայացքներ ունեին՝ Ալեքսն անկախական էր, Դեբբին՝ լեյբորիստ: Ճիշտ այնպես, ինչպես Արմեն Շեկոյանն է նկարագրում իր ՙԱնտիպոեզիայում՚՝ ՙԶի մտել եմ ես ԱԻՄ, իսկ իմ յարը՝ ՀՅԴ...՚: Ու մի օր հերթական թեժ վիճաբանաությունից հետո Դեբբին չդիմացավ, վեր թռավ տեղից ու բղավեց՝ ՙԵթե այդպես է՝ գնա քո այդ արյունարբու ազգայնականների ծոցը մտիր ու գործդ առաջ տար՚... Ալեքսը վրդովված նետեց՝ ՙԿգնամ ու կանեմ... Կտեսնես, որ կհասնեմ նպատակիս՚: Դուռը շրխկացրեց, դուրս եկավ ու գնաց Շոտլանդիայի ազգային կուսակցության գրասենյակ... Տարիներ անց Ալեքս Սալմոնդը գլխավորեց այդ կուսակցությունը, խորհրդարան բերեց այն, դարձավ Շոտլանդիայի կառավարության ղեկավար՝ փաստացի վարչապետ ու նախաձեռնեց Շոտլանդիայի անկախության հանրաքվեն: Իսկ մենք թերագնահատում ենք կանանց դերը մարդկության պատմության ընթացքում: Չենք էլ հիշում, որ ըստ տարածված վարկածի՝ ամերիկացի տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգը փոքր ժամանակ պատահաբար հայտնվել էր հարեւանի տան պատուհանի տակ եւ լսել էր, թե ինչպես է հարեւանի կինը գոռում ամուսնու վրա՝ ՙՕրալ սե՞քս ես ուզում... Ավելի շուտ մեր հարեւանի տղան ոտք կդնի լուսնի վրա, քան դու օրալ սեքս կստանաս...՚: Եւ տղամարդկային համերաշխությունը ստիպեց Նեյլ Արմսթրոնգին տիեզերագրաց դառնալ եւ առաջինը ոտք դնել լուսնի վրա... Ու հիմա եթե շոտլանդացիները սեպտեմբերի 18-ին անկախանանք, մենք, ազգային ինքնորոշման գաղափարով տոգորված հայերս, առաջին հերթին պարտական պիտի լինենք լոնդոնցի Դեբբիին: Առաջարկում եմ հաջող քվեարկության դեպքում հայերով հավաքվել Ղարաբաղում՝ 2500-ամյա չինարի տակ... Մի մեծ համազգային սեղան կգցենք, միգուցե Մինսկի խմբի համանախագահներին էլ հրավիրենք... Չէ, ճիշտ եք ասում, Ուորլիկին չենք կանչի, միայն ֆրանսիացուն ու ռուսաստանցուն... Բաժակները կլցնենք ՙԽինդողնի՚ գինով, կբարձրացնենք այդ բաժակները ու բոլորս միասին կասենք՝ ՙՇնորհակալություն, Դեբբի, մենք քեզ սիրում ենք՚...
Արմեն Դուլյան