Երեկ երեկոյան Երևանում մասնակցեցի եղդիների ցեղասպանությունը դատապարտող ջահերով երթին: Քանի որ ընդունված կարգի համաձայն՝ նմանատիպ երթերի մեկնարկից առաջ պարտադիր կերպով այրվում է տվյալ ցեղասպանությունն իրականացրած պետության կամ խմբավորման դրոշը, ընկերներիս հետ միասին որոշեցինք մեզ հետ տանել այս օրերին Շանգալում եզդիներիս նկատմամբ ցեղասպանություն իրականացնող <<Իսլամական պետություն>> ահաբեկչական խմբավորման դրոշը և այն այրել Ազատության հրապարակում՝ երթի մեկնարկից առաջ: Սակայն, երբ պատրաստվում էինք այրել այն, ի զարմանս մեզ, հանդիպեցինք երթի կազմակերպիչների անհասկանալի դիմադրությանը, ովքեր ուղղակի կամ անուղղակի չթողեցին այրել թշնամու դրոշը: Շատ պարադոքսալ ու աննորմալ իրավիճակ էր. եզդիների ցեղասպնությունը դատապարտող երթ նախաձեռնող եզդիական ՀԿ-ների ներկայացուցիչները փաստորեն դեմ էին այդ նույն ցեղասպանությունն իրականացնող խմբավորման դրոշը այրելուն: Ամեն դեպքում, <<հարգելով>> նրանց այդ տարօրինակ <<ցանկությունը>> և հաշվի առնելով ընկերներիս կարծիքը , որոշեցինք չայրել (մեկ այլ պարագայում ինձ՝ թշնամուս դրոշը այրել արգելողին, կհամարեի ինձ թշնամի), թեև երթի մասնակիցների մեծ մասը կողմ էր, որ այդ ակցիան լիներ: Ինչևէ, ջահերով երթը սկսվեց Ազատության հրապարակից, ընթացավ Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Հրազդան մարզադաշտ երթուղիով և ավարտվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում…

 

 


Յուրա Մամոյան