Կանյաչնիում ավարտվել է ԲՀԿ ու ՀԱԿ առաջնորդների հանդիպումը, որի ավարտին տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է ՙՙԵրկու քաղաքական ուժերը վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները եւ առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը:
Կողմերը նաեւ կարեւորել են մինչեւ հանրահավաքը քառյակի շրջանակներում համատեղ այցելությունները մարզեր' ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ժողովրդին իրազեկելու եւ համախմբելու նպատակով՚՚:
Այսպիսով կարող ենք մի քանի արձանագրում կատարել.

 


առաջին, ձևավորվեց այն ձևաչափը, որը սահմանադրական փոփոխությունների գործընթացում հակադրվելու է Սերժ Սարգսյանի թիմին: Ընդ որում երկու կենտրոններին էլ հետաքրքրում է ոչ այնքան սահմանդրական փոփոխության բովանդակությունը, որքան գործընթացը, որն ուրվագծելու է իշխանության կառուցվածքն ու բովանդակությունը 2017-2018 թթ-ի ընտրական ցիկլից հետո,
երկրորդ, սահմանադրական փոփոխությունների գործընթացը դառնում է քաղաքական հերթական ջրբաժանը, ըստ այդմ՝ քաղաքական դաշտում սպասվում են նոր վերադասվորումներ:
Այս երկու կետերի շուրջ կարելի է զանազան ենթադրություններ անել, վարկածներ նախանշել, բայց նշենք հիմնական սուբյեկտների գլխավոր նպատակները:

 


Սերժ Սարգսյանի թիմը ձգտում է սահմանադրական փոփոխությունների, որովհետև 2017-2018թթ-ը ընտրական ցիկլում չունի այն խարիզմատիկ գործիչն, ով կապահովի իշխանության ժառանգականությունը: Սա առնվազն նշանակում է, որ շրջապատի գործիչներչից որևէ մեկին Սարգսյանը չի պատկերացնում ՙՙժառանգորդի՚՚ կարգավիճակում:
Տիտղոսային ընդդիմությունն, ընդհակառակը, ունի գործիչ, ով կարող է հավակնել նախագահության 2018թ-ի ընտրություններում:
Դա, իմ համոզմամբ, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանն է ու ոչ էլ՝ Ռոբերտ Քոչարյանը:

 


Միավորման առանցք կարող է լինել Գագիկ Ծառուկյանի անձը:
Պետք է ենթադրել, որ հենց նա է դառնալու նոր ընդդիմության լիդերը՝ նախագահական ակնհայտ հավակնություններով:
Իհարկե, այս ամենն այնքան էլ պարզ չէ՝ ինչպես մատուցվեց:
Օրինակ, երկու ՙՙփիլիսոփոյությունների՚՚ արանքում՝ որտե՞ղ է տեղավորվելու Հովիկ Աբրահամյանը, ով Սերժ Սարգսյանի ՙՙաջ թևն՚՚ է, նաև նրան հակադրվող բևեռի առաջնորդի խնամին:

 


Արդյո՞ք հնարավոր է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացում իշխանությունը կորցնի իր մոնոլիտությունը, որովհետև, ասենք, նույն Հովիկ Աբրահամյանը ցանկություն ունենա նախագահ դառնալ՝ այսօրվա լիազորություններով, կամ՝ հնարավո՞ր է ընդդիմության մի հատվածի մոբիլիզացիա իշխանության շուրջ սահմանադրական ռեֆորմի գործընթացում:

 


Սրանք հարցեր են, որ այս պահին պատասխան չունեն՝ մանավանդ, որ չի կարելի բացառել անգամ իշխանության ու Գագիկ Ծառուկյանի կոմպրոմիսի տարբերակը՝ հատկապես, որ նման կոմպրոմիսների կայացման համար է վարչապետ աշխատում Հովիկ Աբրահամյանը:

 

 

Սուրեն Սուրենյանց