“Թեժ աշնանն” ընդառաջ, քաղաքական անցուդարձում վերակենդանացման հերթական փորձերն է անում Պարույր Հայրիկյանը: Երեկ նախկին այլախոհի կողմից անցկացված “բազմամարդ” հանրահավաքը խառնել է քաղաքական դաշտի հիմնական խաղացողների բոլոր խաղաքարտերը, հանրապետականները չեն կողմնորոշվում իրենց հետագա անելիքներում, “քառյակն” ընդհանրապես խուճապի մեջ է և քննարկում է Հայրիկյանի “բազմահազարանոց” հանրահավաքներին միանալու հավանականությունը: Նույնիսկ ասում են, որ Հայրիկյանի հետ ուղիղ կապ են հաստատել “քառյակի” ղեկավարները և խնդրել են իրենց առաջիկա միասնական հանրահավաքն անցկացնել Հայրիկյանի հովանու ներքո' միանալով նրա տասնյակ հազարավոր համախոհներին ու կողմնակիցներին: Միջազգային հանրությունը ևս անհանգստացած է Հայրիկյանի օրեկան մեկժամյա հացադուլով ու բազմահազարանոց հանրահավաքներով, քանզի դրանք կարող են հանգեցնել անկանխատեսելի իրադարձությունների և աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների:


Իսկ եթե ավելի լուրջ, ապա ցավոք Հայրիկյանի մասին խոսելիս այլևս հնարավոր չէ պահպանել լրջություն, միայն կարելի է արձանագրել, որ երբեմնի այլախոհն ու անկախության համար պայքարող գործիչն իր իսկ կողմից արվող անլուրջ, անհեռանկարային ու ապաքաղաքական քայլերի արդյունքում վերածվել է քաղաքական միմոսի:

 

 

Սարգիս Բալայան