Ուկրաինական ճգնաժամի պարագայում ագզամիջյան հակամարտությունը, որպես քաղաքականություն վարելու գործիք, դադարում է Ռուսաստանի համար սեփական շահերն արդյունավետորեն առաջ մղելու միջոց լինել: Վրաց-աբխազական, վրաց-օսական և հայ-ադրբեջանական հակամարտությունների պարագայում էթնիկ ռուսները հակամարտության կողմ չեն հանդիսացել և Ռուսաստանն էլ հնարավորություն է ունեցել պաշտոնապես չեզոքություն պահելով առաջ տանել սեփական շահերը: Ուկրաինայի պարագայում այդ չեզոքությունն այլևս անհնար է պահել՝ Ռուսաստանն աստիճանաբար վերածվում է հակամարտության կողմի: Այժմ՝ հրադադարի վերաբերյալ առաջին բանակցված պայմանավորվածությունից հետո, կարելի է ասել, որ կարևորագույն արդյունքը, թերևս, ոչ այնքան կրակի փաստացի դադարեցումն է, որքան այն, որ Ռուսաստանը, կամա, թե ակամա, հանդես եկավ որպես ավելի քան շահագրգիռ կողմ: Այս առումով Ռուսաստանը Մինսկից հետո կարող է դիտարկվել որպես հակամարտության կողմ այն նույն հիմունքներով, որոնք ռուսաստանցի դիվանագետների համառ ջանքերի շնորհիվ դարձան Հայաստանը հակամարտության կողմ ճանաչելու պատճառ: Այժմ Ուկրաինայում կգտնվեն մարդիկ և խմբավորումներ, որոնք, համեստ վարձավճար ստանալու պայմանով, մշտապես սիրահոժար կլինեն հանձինս Նովոռոսիայի՝ Ռուսաստանի դեմ պատերազմական գործողություններ ծավալել, իսկ առավել զարհուրելին կսկսվի այն ժամանակ, երբ որոշում կայացվի պատերազմական գործողություններ սկսել Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության տարածքում, ուր ռուսական ռազմակայան է տեղակայված: Ամեն դեպքում ներկայիս հարաբերական դադարը հակամարտող կողմերը կօգտագործեն սեփական ռազմական ու դիվանագիտական դիրքերն ամրապնդելու համար:

 

 

Արման Մելիքյան