Կիրակի օրը Նյու Յորքի փողոցներից մեկը անվանակոչվեց գրող եւ լրագրող Սերգեյ Դովլաթովի անունով: Ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցներ այսօր փաստում են, որ սա առաջին դեպքն է, երբ Նյու Յորքում փողոց է անվանակոչվում ռուսաստանցի գրողի անունով Փաստն այն է, որ ինքը Դովլաթովը ազգությանը երբեք ոչ մի նշանակություն չէր տալիս: ՙԵրբեք չեմ զգացել, որ պատկանում եմ ինչ-որ ազգի: Հայերեն չեմ խոսում: Միեւնույն ժամանակ եբրայերեն էլ չգիտեմ, հրեական միջավայրը ինձ հարազատ չէ: Ու մինչեւ վերջին ժամանակները հայերի խնդիրներն ինձ համար նույնն էին, ինչպես հնդիկներինն ու չինացիներինը… Բայց վերջերս մի գրական խորհրդաժողովում ծանոթացա Հրանտ Մաթեւոսյանի հետ: Նա ամենեւին նման չէ ինձ. իսկական հայ է, խենթանում է հայրենիքում կատարվող ամեն ինչից: Այնքան ամաչկոտ է, անկեղծ, բարի՝ լրիվ ասես հրեշտակ լինի:

Ընկերանալով՝ սկսեցի շատ բաների նայել նրա աչքերով… Նրա հանդեպ տածած սերն էր, որ իմ մեջ առաջացրեց որոշ հայկական զգացմունքներ՚: Հիմա Դովլաթովը Ռուսաստանում ամենակարդացվող գրողներից մեկն է:

Բազմաթիվ լեզուներով են թարգմանվել նրա գործերը, այդ թվում նաեւ հայերեն: ՙ Մի ժամանակ ապրում էինք լեռներում: Մի ժամանակ ձի էինք հեծնում, իսկ հիմա լղճվում ենք տրոլեյբուսներում, մի ժամանակ իջնում էինք մառան, իսկ հիմա վազում ենք մթերային: Նեղացնում ենք մեր կանանց: Բայց մի ժամանակ ապրում էինք լեռներում…՚:

 

 

Արմեն Դուլյան