Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակեն Նյու Յորքում: Այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում:
Մամեդյարովը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպումը պատրաստելու համար մինչև սեպտեմբերի վերջ տարածաշրջան կայցելի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 


Այն փաստը, որ ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցով զբաղվելու է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունն ամբողջությամբ, այլ Ուորլիքը՝ խոսում է այն մասին, որ գործ ունենք ամերիկյան նախաձեռնության հետ:
Իհարկե, հանդիպումները կրակոցներից գերադասելի են՝ անկախ այն բանից, թե ով է հանդես գալիս միջնորդությամբ, սակայն արդեն տեսանելի է ուկրաինական ճգնաժամի ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածությունը նաև ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:

 


Անտագոնիզմը խաթարում է Մինսկի խմբի երեք համանախագահների համտեղ ջանքերը ու Մոսկվան, Վաշինգտոնը ու Փարիզն ավելի հաճախակի են հանդես գալիս սեպարատ նախաձեռնություններով:
Սա, իհարկե, դրական չէ՝ տարածաշրջանային կայունության ու կարգավորման գործընթացի արդյունավետության տեսանկյունից:

 


Մյուս կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու ձախողված նախաձեռնությունն, առաջին հերթին, գտնվում էր ադրբեջանա-ռուսական համաձայնությունների դաշտում, ու Վաշինգտոնը գուցե ընդամենը փորձում է, այս նախաձեռնություններով, վերականգնել կարգավորման գործընթացի լեգիտիմ ու ավանդական ձևաչափը:

 

 

Սուրեն Սուրենյանց