Վերջերս Մինսկում տեղի ունեցավ Արևելյան Ուկրաինայում ընթացող հակամարտության հարցերով Շփման խմբի հանդիպումը և հանդիպման արդյունքներով վերջապես հրադադարի հաստատաման մասին արձանագրություն ստորագրվեց:


Հետագայում իհարկե ստորագրված արձանագրությունը պետք է դրվի ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի հիմքում, եթե այդպիսի համաձայնություն կայանա ընդհանրապես, որովհետև հաշտությունը շատ փխրուն է և ամեն վայրկյան կարող են վերսկսվել պատերազմական գործողությունները: Այնուամենայնիվ հրադադար է և այն միանշանակ պետք է ողջունել:


Սա փաստորեն նաև պարտադրված հրադադար էր…


Պարտադրված իրավիճակով, պարտադրված կյանքի, իրավիճակի թելադրանքով…Պարտադրված անհրաժեշտություն…Հիշում եմ իմ բոլոր գրառումներն այս թեմայով, երբ դեռ նույնիսկ խոսք անգամ չկար այս ամենի մասին: Ցավոք գուշակությունները հետագա զարգացումների մասին ճիշտ էին և ափսոս, որ այսքան զոհեր, կորուստներ, ողբերգություն, զրկանքներ, թշնամություն, ատելություն և համաշխարհային բևեռացում էր պետք, որ հասկանային: Հասկանային, որ պատերազմից, հակամարտությունից, թշնամությունից տուժում են բոլորը…Բոլորն' անխտիր…


Տուժեցին ուկրաինացիները, ռուսները, եվրոպացիները, տուժեցին այդ երկրների տնտեսությունը, տուժեց մարդկությունը, մարդասիրության, ժողովրդավարության մասին գաղափարախոսությունն առհասարակ: Չտուժեց այդ գաղափարախոսության, հումանիզմի, մարդկային մեծագույն արժեքների մասին մշտապես բարբաջող երկիրը' Միացյալ Նահանգները' իր խորհրդատու, համախոհ, արմատների երկիր Միացյալ Թագավորության հետ:


Ինչքան զոհեր, ավերում, կործանում և զրկանքներ էր պետք, որ արևելքում կրած ջախջախիչ պարտությունից հետո Կիևի նորաթուխ, անհեռատես, երկիրը կործանման եզրին հասցրած ղեկավարները ստիպված պաշտոնական, նվաստացուցիչ փաստաթուղթ ստորագրեին Նովոռուսիայի ներկայացուցիչների հետ: Չէ որ դա կարելի էր ավելի շուտ անել, չէ որ կարելի էր պատմական համանման իրավիճակներից դասեր քաղել և ավելի շուտ նստել հաշտության, բանակցուոթյան սեղանի շուրջ…


Ինչևէ, նման փաստաթղթի ստորագրությամբ Կիևը հնարավորություն է ստանում, ժամանակ շահել, կասեցնել ռուսամետ աշխարհազորայինների առաջխաղացումը և խուսափել նորանոր տարածքների կորստից ու մարդկային նոր զոհերից:


Հուսանք կստացվի, հուսանք դասեր կքաղեն այս ամենից բոլորը, որ օբամաները, պուտինները, եվրողեկավարները, պարաշենկոները իրենց սեփական ամբիցիաները չեն փաթաթի իրենց ժողովուրդների, իրենց քաղաքացիների վզին'այն ներկայացնելով իբրև մարդասիրության, ժողովրդավարության, մարդկային բարձրագույն արժեքների համար մղվող պայքար:


Մարդասիրությունը չպետք է ուղեկցվի մարդկային կորուստներով, զոհերով, ժողովրդավարությունը'սովի, ավերումի, ստեղծված արժեքների, ձեռքբերումների կործանումով…


Ժամանակն է, որ այս պարզունակ ճշմարտությունը մտնի այդ ղեկավար կոչված անձանց հիվանդագին ուղեղները…


Ժամանակն է արդեն, եթե չի անցել…Որին ես չեմ հավատում, ցավոք պատերազմը կվերսկսվի…

 

 

Ռոբերտ Մելքոնյան