Հայկական ֆուտբոլային առաջին խմբերն ստեղծվել են XX դարասկզբին' Կ.Պոլսում ու Իզմիրում («Տորք», «Արաքս», «Հայաստան», «Վասպուրական», «Կիլիկիա», «Արարատ», «Համազասպ» և այլն)։ Այնուհետեւ ֆուտլբոլային թիմեր են ստեղծվել Արեւմտահայաստանում ու Կիլիկիայում: Շատ արագ գրանցվել են առաջին հաջողությունները: 1911 թ. Կ. Պոլսի «Հայաստանը» դարձել է Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած ֆուտբոլի մրցաշարի հաղթող, իսկ 1913 թ. Օսմանյան կայսրության ուսումնական հաստատությունների առաջնությունում առաջին տեղը գրավել է Այնթափի քոլեջի «Կիլիկիա» թիմը: Խորհրդային Հայաստանում ֆուտբոլը տարածվել է 1920-ականն թթ.։

 

Առաջին ակումբները գործել են Ալեքսանդրապոլում, Էջմիածինում ու Երևանում։ 1920 թ-ին Երևանի անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլային առաջին հանդիպումը Երևանի ու Ալեքսանդրապոլի թիմերի միջև։ 1924 թ. հոկտեմբերի 13-ին Բաթումի նավահանգստում խարիսխ է գցել «Չիչերին» շոգենավը, որով Մայր Հայաստան էին վերադառնում թուրքական եղեռնից մազապուրծ եղած հայ գաղթականները: Այդ օրը Բաթումի խաղադաշտում կայացել է ֆուտբոլային մի յուրօրինակ հանդիպում:

 

Հայ գաղթականներից կազմված թիմը 2-1 հաշվով հաղթել է Անդրկովկասում ուժեղագույն ֆուտբոլային թիմ համարվող Բաթումի «Դինամոյին»: 1925 թ. հոկտեմբերին Հայաստանում ստեղծվել են «Դինամո» ընկերությունն ու համանուն ֆուտբոլային թիմը: Նույն թվին կազմավորվել է «Նաիրի» թիմը, որը Հայաստանը ներկայացրել է Անդրկովկասի առաջին Սպարտակիադայում:

 

Առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 2-1 հաշվով հաղթել են Ադրբեջանի թիմին, իսկ երկրորդ' վճռական խաղում, 2-6 հաշվով պարտվել Վրաստանի թիմին (ի դեպ, վրացական թիմի մեկնարկային կազմում 7 ֆուտբոլիստ ազգությամբ հայեր էին): Միջազգային առաջին խաղը հայկական թիմի մասնակցությամբ տեղի է ունեցել Երեւանում' 1930թ. սեպտեմբերի 21-ին: Երևանի հավաքականը հյուրընկալել է Գերմանիայի բանվորական միության ֆուտբոլի հավաքականին ու պարտվել 3-1 հաշվով:

 

 

 

 

 

Լուսանկարում`
Տարսոնի Ս. Պողոս վարժարանի ֆուտբոլային թիմը
(1914 թ.)