Մինչ ընդդիմադիր Քառյակի առաջիկա ծրագրերը պատված են մշուշով՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ձևակերպեց այն օրակարգը, որն իշխանությունը փորձելու է առաջնահերթ դարձնել առաջիկա ամիսներին:
Դժվարանում եմ ասել, թե սեպտեմբերի 30-ը, որն ընդդիմությունը նշում է որպես ակտիվ գործողությունների մեկնարկի օր՝ ինչքանով կդառնա ջրբաժանային:
Համենայն դեպս, այսօր առայժմ տեսանելի չեն այն մեխանիզմներն, որով ընդդիմությունը պետք է հասրակությանն ակտիվացնի:

 


Տեսանելի չէ նաև այն հստակ քաղաքական պահանջը, որը կարող է միավորել չորս կուսակցություններին:
Նախագահի կամ կառավարության հրաժարականի պահանջները կոնսենսուսային լինել չեն կարող: Չեմ հավատում նաև, որ ընդդիմության 52-53 պատգամավոր մանդատը վայր դնի:

 


Իսկ պարտադիր կուտակայինի կամ ՙՙկարմիր գծերի՚՚ թեմաները չեն կարող քաղաքական գործընթաց գեներացնել. դրանցով նույնիսկ լուրջ չէ պահանջել առանձին վերցարծ նախարարների հրաժարական:
Իշխանության մարտավարությունն, որն այսօր հնչեցվեց Սարգսյանի կողմից՝ շատ ավելի հասկանալի է:
Սահմանադրական ռեֆորմի բովանդակությունն երկրոդական է. ավելի կարևոր է գործընթացը, որը նախ քաղաքական նոր քարտեզ է ձևավորելու, ապա նաև ուրվագծելու է 2017-2018 թթ-ից հետո հաստատվելիք իշխանության բնութագիրը:

 


Իշխանությունն օրակարգ է թելադրել, ընդդիմությունը գործելու է երկրորդ համարով՝ փորձելով սահմանադրական ռեֆորմի տապալումը նույնացնել իշխանությանը անվստահություն հայտնելու գործընթացի հետ:
Փորձը ցույց է տվել, որ սահմանադրական հանրաքվեի ՙՙոչ՚՚-ը հասարակությունը չի նույնացնում իշխանությանն ասված ՙՙոչ՚՚-ի հետ:

 


Հիշում եմ՝ 2005-ի նոյեմբերի 27-ին ես էի վարում սահմանադրական փոփոխություններին հակադրվող ընդդիմության հանրահավաքը ու հիշում եմ նաև Ազատության հրապարակում հավաքված բազմության իներտությունը:
Խիստ կասկածում եմ, որ այսօրվա ընդդիմության որակն ավելի լավն է, քան՝ այն օրերի....

 

 

Սուրեն Սուրենյանց