ՙՙԵթե ես ուզեմ, ապա Կիևը կգրավեմ երկու շաբաթում՚՚:
Այս խոսքերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուին՝ հեռախոսազրույցի ընթացքում:
Իրականում, Պուտինն ավելորդ համեստություն է արել. կայսրությունների առաջնորդները պարտավոր չեն որևէ մեկին հաշվետու լինել թիրախի ու ժամկետների հարցում:
Այս առումով՝ ռուսական մերօյա ցարը, համաձայնեք, ՙՙմեծահոգություն՚՚ է արել:
Գուցե իսկապես ռուսկան զինուժը կարողանա հաշված օրերի ընթացքում գրավել Կիևը: Համենայն դեպս, ռուս-վրացական պատերազմն ապացուցեց, որ ռուսները Թբիլիսի չհասան միայն այն պատճառով, որ հանդիպեցին միջազգային հակազդեցության:
Սակայն Պուտինի ասածը խնդիր չէ, ոչ էլ այն, որ Բարրոզուն ՙՙծակվել՚՚ է մասնավոր զրույցի մասին:
Հարցն այն է, որ ուկրաինական ճգնաժամի ուղղակի ու անուղղակի մասնակիցներն իրենց ոչ ադեկվատ են պահում:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի շրջապատում ոգևորված խոսում էին Դոնեցկի ու Լուգանսկի մոտալուտ անկման մասին: Այս ոգևորիչ ֆոնի վրա էլ՝ նշանակվռցին խորհրդարանական արտահերթ ընտրությունները:
Իրականության մեջ, Ուկրաինայի նոր իշխանության գերխնդիրը պետք է լինի երկրի հարավ-արևելքի հետ քաղաքական, մշակութային երկխոսության կայացումը, եթե, իհարկե, Կիևում չեն գերադասում գործ ունենալ ամայի Դոնեցկի կամ Լուգանսկի հետ:
Նույն ոչ ադեկվատությունն է Մոսկվայում:
Հասկանալի է, որ երկու շաբաթում կարելի է Կիևը գրավել, Քիշնևում ու Երևանում էլ հաշված րոպեների ընթացում վախի մթնոլորտ ստեղծել Կիևի գրավման տեսարանով:
Բայց կայսերական հավակնությունները նույնիսկ կարող են արդարացված լինել, եթե դրա հիմքում ռացիոնալիզմն է:
Կրեմլի քաղաքականության մեջ դա բացակայում է. նրանց միջամտությունը բերում է միայն տնտեսական անկման ու վատթարացման մարդու իրավունքների ու ազատությունների ասպարեզում. Ղրիմի ու Աբխազիայի վիճակը բավարար է՝ ասվածն ապացուցելու համար:
Կայսրության դրսևորումն ոչ միայն զորքերն են, այլ նաև՝ զարգացման պոտենցիալը, որով Մոսկվան օժտված չէ, ուստիև այն չի կարող առաջարկել իր երեկվա ու ապագա ՙՙզոհերին՚՚:
Պատկերավոր ասած՝ Մոսկվայում շրջում է ՙՙմեռած կայսրության՚՚ ուրվականը:
Բրյուսելի չինովնիկներն արդեն ապացուցել են իրենց մոտեցումների անկենսունակությունը, ինչի դրսևորումը դարձավ Հայաստանի հրաժարումն Ասոցացման համաձայնագրից, ուկրաինական հակամարտության ծավալումը:
Բրլուսելում չեն հասկացել, որ իրենց գործընկերներին պետք են ոչ թե գեղեցիկ խոսքեր ու դարձվածքներ, այլ կոնկրետ մեխանիզմներ, որոնց միջոցով նրանք կկարողանան դիմակայել Կրեմլի ճնշումներին՝ առանց կասկածի տակ դնելու իրենց անվտանգությունը:
Դրա համար էլ Պուտինի ցինիզմը հասնում է այնտեղ, որ եվրոպական ամենաառանցքային չինովնիկին ասում է՝ եթե ես ուզեմ, ապա Կիևը կգրավեմ երկու շաբաթում:
Բարրոզուն գուցե նույնիսկ ուրախացել է, որ Պուտինը տվել է Կիևի եւ ոչ թե Բրյուսելի անունը...
Սուրեն Սուրենյանց