Նախագահ ընտրվելուց հետո կարճ ժամանակ անց քննադատությունների ալիք բարձրացավ Գիորգի Մարգվելաշվիլիի դեմ, և զարմանալին այն էր, որ քննադատության հեղինակները ոչ թե ընդդիմադիր, այլ հենց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն էին, այդ թվում նաև՝ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ Իվանիշվիլիի համար առավել վստահելի և նախընտրելի թեկնածու Մարգվելաշվիլին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ձեռնամուխ եղավ այնպիսի քայլերի, որոնք հակասում էին ինչպես «Վրացական երազանք» կոալիցիայի նախընտրական քարոզարշավի շրջանում արված հայտարարություններին, այնպես էլ չէին համապատասխանում այն համոզմունքներին և սկզբունքներին, որոնք արտահայտել էր Մարգվելաշվիլին նախքան նախագահ ընտրվելը:
Բանն այն է, որ Հավլաբարի նախագահական նստավայրում բազմելուց հրաժարված Մարգվելաշվիլին, որոշ ժամանակ անց մտափոխվեց և որոշեց նստավայր դարձնել հենց տվյալ վայրը, ինչը, մեղմ ասած, զարմանք առաջացրեց թե՛ քաղաքական շրջանակների և թե հասարակության մոտ: Մյուս անտրամաբանական քայլը, իշխող կոալիցիայի տեսանկյունից, այն էր, որ Մարգվելաշվիլին իրեն խորհրդական էր նշանակել նախկին իշխանության՝ Միացյալ ազգային շարժում կուսակցության առաջնորդներից մեկի եղբորը:
Ինչ վերաբերում է նախագահ Մարգվելաշվիլիի և վարչապետի Ղարիբաշվիլիի միջև առկա լարված հարաբերություններին, ապա անհրաժեշտ է փաստել, որ իշխանության գալուց սկսած նշված քաղաքական գործիչների միջև մշտապես գոյություն են ունեցել հակասություններ տարբեր հարցերի շուրջ, որոնցից հիմնականը նախագահի լիազորությունների հստակեցման՝ դեռևս չավարտված գործընթացն ու կառավարության որոշ անդամների ընտրության հետ կապված անհամաձայնությունն էր:
Հետագայում խնդիրներն ավելի խորացան և ստեղծվեց մի իրավիճակ, երբ վերոնշյալ իրավիճակի վերաբերյալ պատկերացում սկսեցին կազմել նաև Վրաստանի սահմաններից դուրս, միջազգային հարթությունում, քանի որ գրեթե բոլոր դեպքերում վարչապետն ու նախագահը միմյանցից անկախ, առանձին-առանձին էին անցկացնում իրենց արտերկրյա հանդիպումներն օտարերկրյա գործընկերների հետ, այն դեպքում, երբ նույն պահին գտնվում էին միևնույն վայրում և նույնիսկ չէին համաձայնեցնում այդ հանդիպումների օրակարգը:
Ի դեպ, Վրաստանի արտգործնախարարի պարզաբանումն վերանշյալի վառ ապացույցն է և ուղղակի զարմանք է առաջացնում: Վերջինիս կարծիքով՝ Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գագաթնաժողովին Վրաստանի վարչապետի հետ մեկտեղ նախագահի մասնակցությունը կարող է վնասել Վրաստանի միջազգային վարկանիշին:
Ինչևէ, կարելի է կանխատեսել, որ Վրաստանի նախագահի և վարչապետի միջև հարաբերությունները դեռ երկար ժամանակ կշարունակեն լարված մնալ, և հարցը կարող է հասնել նույնիսկ նրան, որ Մարգվելաշվիլին կազմավորի իր առանձին քաղաքական թիմը և 2016թ-ի խորհրդարանական ընտրություններին դառնա «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնական մրցակիցը:
Ալիկ Երոյանց