Սույն թվականի սեպտեմբերի մեկից սկսած Ադրբեջանը նոր անցագրային կարգ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար: Ըստ այդ փոփոխության՝ թուրք վարորդները, որոնք նախկինում կարող էին մեկ տարով մուլտի-անցագիր ստանալ, այժմ չեն կարող: Այսուհետ Թուրքիայի քաղաքացիները կարող են միայն մեկ անգամյա մուտքի վիզա ստանալ: Այս նորությունը զարմանքի մեծ ալիք է բարձրացրել Թուրքիայում: Այս փոփոխությունը բացասական ազդեցություն կունենա միջազգային բեռնափոխադրումների ոլորտի վրա, ինչից կտուժեն, մասնավորապես, TIR թուրքական բեռնատարների վարորդները:
Հետաքրքիր է, որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Թուրքիա, իսկ Թուրքիայի քաղաքացիներին անցագիր է պահանջվում Ադրբեջան մտնելու համար: Այս հարցն արդեն մի քանի տարի քննարկվում է, սակայն վերջնական լուծում այդպես էլ չի ստանում: Թե ինչու են Բաքվում ավելի խստացրել անցագրային ռեժիմը եղբայրական երկրի հետ, հայտնի չէ: Որպես հիմնական պատճառ նշվում է երկու երկրների ղեկավարների ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքը իրար նկատմամբ:
Սարգիս Ասատրյան