Սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձը: Թեպետ աշխարհում դեռևս ոչ բոլորն են ճանաչել Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրացումը, այն է՝ հանրաքվեի միջոցով անկախության հռչակումը, սակայն պատմականորեն հայկական հողակտորը, անտեսելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու հաճախակի խախտվող հրադադարը, շարունակում է ծաղկել ու բարգավաճել նույնիսկ պատերազմի վտանգի ու կրակոցների տակ:

 

Համոզվելու համար հարկ է պարզապես մեկ անգամ այցելել Արցախ ու սեփական աչքերով տեսնել, թե ինչքան հույս ու հավատ կա մարդկանց աչքերում, թե ինչպիսի ոգի ու պատրաստակամություն կա ընդհուպ ռազմական ճանապարհով վերահաստատելու իրենց դիրքորոշումը, պահպանելու ձեռք բերածը, ինչը, ցավոք, այսօր չես կարող ասել ՀՀ-ի մասին, որտեղ համատարած հիասթափությունը դարձել է մթնոլորտ ստեղծող գործոն, որտեղ առայժմ չկան լավ ապագայի նկատմամբ հույսեր ու երաշխիքներ:

 

Եթե տարիներ առաջ ենթակառուցվածքների, պետական համակարգի ու կառավարման հարցում ԼՂՀ-ի համար օրինակ էր ծառայում ՀՀ-ն, ապա այսօր պատկերը լիովին հակառակն է, Արցախը օր օրի զարգանում է, ժողովուրդը միասնական է, իշխանությունը պետական շահը գերադասում է սեփականից, երիտասարդները չեն լքում Արցախը, ընտանիք են կազմում ու ապագա կերտում: Իսկ նման պետությունը ի վերջո «դատապարտված է» հաջողության, հաղթանակների ու միջազգային ճանաչման:

 

 


Շնորհավորում եմ բոլորիս Արցախի անկախության հերթական տարեդարձի կապակցությամբ, ես վստահ եմ, որ պատմականորեն վերականգնված արդարությունը, բազմաթիվ անձանց ինքնազոհությունն ու հերոսությունը երբևէ ուրացողներ չեն լինի, իսկ Արցախը կշարունակի վերաբնակեցվել, զարգանալ, բարգավաճել ու էլ ավելի պարծանքի աղբյուր դառնալ աշխարհասփյուռ հայության համար:

 

 

Վահան Բաբայան