Թուրքիայում բողոքում են Ադրբեջանից և պատասխան քայլեր ակնկալում Էրդողանի' Բաքու կատարելիք այցի նախաշեմին: Միջազգային փոխադրումների միության գործադիր կոմիտեի նախագահ Ֆաթիհ Շեները քննադատել է Ադրբեջանի նոր գործող կարգը Թուրքիայի հետ վիզային ռեժիմի հետ կապված' նշելով, որ այդ նոր կարգը չի համապատասխանում «մեկ ազգ, մեկ պետություն» գաղափարախոսությանը:

 

Փաստորեն, նախագահ Էրդողանի' Ադրբեջան կատարելիք այցից առաջ Թուրքիայի հետ վիզային ռեժիմը խստացվում է և Թուրքիայի քաղաքացիներն ստիպված են լինելու ընդլայնված վիզային ռեժիմից անցում կատարել սահմանափակի:

 


Սեպտեմբերի 1-ից գործող նոր կարգի համաձայն' Թուրքիայից Ադրբեջան փոխադրումներն իրականացնող վարորդներն ստիպված են լինելու ամեն մուտքի համար վիզա ստանալ, նախկինում մեկ տարվա համար ստացվող վիզայի փոխարեն: Ստացվում է, որ թուրք բեռնափոխադրողները ամսեկան 3 անգամ Ադրբեջան մուտք գործելու պարագայում ստիպված են լինելու տարեկան 30-ից ավելի վիզա ստանալ իրենց եղբայրական երկրից:

 

 

 

 

Լևոն Հովսեփյան