Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ամեն գնով պաշտպանել շիաական խոշորագույն սրբավայրերը՝ Նեջեֆը և Կերբալան:
Իսլամիստների կողմից շիական մի շարք մզկիթների և սուֆիական կենտրոնների ոչնչացման նախադեպերը փաստում են, որ Նեջեֆը և Կերբալան իրոք որ լրջագույն վտանգի մեջ են:
Իրանի և ընդհանրապես բոլոր շիաների նման լուրջ տրամադրվածությունը և պատրաստակամությունը հասկանալու համար նախ պետք է պատկերացնել, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ սրբավայրերը:
ՆԵջեֆում է թաղված Ալի բեն Աբու Թալիբը, երևի թե շիիզմի կենտրոնական և առանցքային անձը: Շիա հենց նշանակում է Ալիի կուսակցություն: Ըստ շիաների խալիֆ կարող է լինել միայն Մուհամեդի հետ արյունակցական կապ ունեցող անհատը և որպես այդպիսին համարվում էր Ալին՝ մարգարեի հորեղբոր որդին: Ճիշտ է երրորդ խալիֆի սպանությունից հետո Ալին կարողանում է խալիֆ դառնալ, բայց սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում, նա ահաբեկչության զոհ է դառնում և թաղվում է Էն Նեջեֆ վայրում, որը հետագայում վերածվում է քաղաքի: Բացի այդ նա համարվում է շիաական առաջին իմամը:
Ալիի մահվանից հետո նրա որդի Հասանը չի կարողանում պահել իշխանությունը և այն անցնում է Մուավիային՝ պայմանով, որ վերջինիս մահվանից հետո իշխանությունը անցնելու է Ալիի կրտսեր որդուն՝ Հուսեյնին: Այս պայմանավորվածությունը ինչպես գիտենք հետագայում խախտվում է և Մուավիան ռազմական ուժի ճնշման ներքո հաստատում է իշխանության ժառանգականության սկզբունքը:
Հուսեյնը չի հաշտվում նման իրավիճակի հետ և Կերբալայում տեղի ունեցած ճակատամարտում, իր փոքրաթիվ ուժերով դուրս գալով օմեյադների կանոնավոր բանակի դեմ, եղերական մահվան է արժանանում: Հակառակորդները ճակատամարտի սկզբում ամեն կերպ խուսափում էին հարվածել Հուսեյնին, քանի որ նա մարգարեի թոռն էր:
Շիաական մեծագույն տոնը՝ Շախսեյ Վախսեյը կամ Աշուրան նվիրված է հենց Հուսեյնի դրամատիկ սպանությանը, որի տոնակատարության ժամանակ քիչ չեն եղել դեպքերը, երբ մոլեռանդ հավատացյալները ինքնակամ սրախողխող են եղել՝ փորձելով վերապրել իմամ Հուսեյնի դաժանագույն սպանությունը:
Այս պատմական փոքրիկ էքսկուրսը հստակ ցույց է տալիս, որ Իրանը և Շիաները ոչնչի առջև կանգ չեն առնի:
Իսկ ինչ վերաբերվում է սալաֆիներին, ապա նրանց պատկերացումներով ղազավաթը պետք է ուղղված լինի առաջին հերթին Իսլամի ներքին թշնամիների դեմ, որոնք շեղվել են ճշմարիտ ուղղուց:
Նրանց գլխավոր նպատակն է վերականգնել Մուհամադի և բարեպաշտ խալիֆների ժամանակվա Իսլամը, հաստատել ուղղադավանությունը, իսկ այս տեսանկյունից առաջին հարվածը հենց սպառնում է շիաներին:
Այլ խոսքով ասած տարածաշրջանը կանգնած է սուննի-շիաական երկարատև և արյունալի պատերազմի նախաշեմին, որը իրական սպառնալիք է:
Կարպիս Փաշոյան