Ղրիմի ինքնավար հանրապետության Ռուսաստանի կազմ անցնելը նոր հետաքրքրական իրավիճակ ստեղծեց Արցախի մասով: Վստահ եմ, որ շատերն են հիշում Զորի Բալայանի բաց նամակը ՌԴ նախագահ Պուտինին, որում Ռուսաստանին կոչ էր արվում վերականգնել սեփական դիրքերը Հարավային Կովկասում: Ղրիմից հետո այդ նամակում հնչեցվող մտքերը կարող էին առարկայական մտահոգության առիթ դառնալ և Արցախի ղրիմացման դեմ կանխարգելիչ գործողությունների անհրաժեշտության գաղափարն արմատավորել մեր արևմտյան գործընկերների շրջանում: Այդ առումով Արցախի ճանաչումն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի մակարդակով առայժմ բավարար քաղաքական միջոց կարելի է համարել, թեև, հանուն արդարության պետք է նշել, որ այդ հայաշատ նահանգն ճանաչողների շարքում առաջինը չէ՝ այլ նահանգներ ավելի վաղ են այդ բանն արել: Կա նաև հարցի մյուս կողմը՝ այս ճանաչումը լրացուցիչ խթան է, որ Ադրբեջանի տագնապահար նախագահն աջակցություն ու պաշտպանություն փնտրի Մոսկվայում: Միաժամանակ, այդքանով հանդերձ, ճանաչման նման ձևը զերծ է պահում պաշտոնական Վաշինգթոնին հակամարտության կողմերից որևէ մեկի նկատմամբ քաղաքական նոր պարտավորություններ ստանձնելու տհաճ անհրաժեշտությունից:

 

 

Արման Մելիքյան