Իրաքի և Սիրիայի տարածքներում ձևավորված կազմավորումը խալիֆայություն անվանելը Իսլամի սկզբունքների և Շարիաթի օրենքների կոպիտ խախտում է: Բանն այն է, որ խալիֆ նշանակում է տեղապահ, այսինք խալիֆը հանդիսանում է Մուհամեդի տեղապահը երկրի վրա: Նա պետք է լինի բոլոր մուսուլմանների հոգևոր և աշխարհիկ առաջնորդը:
Այս բավականին ֆունդամենտալ սկզբունքը հաշվի առնելով պետք է փաստել, որ Իսլամի ոչ մի ազդեցիկ հոգևոր առաջնորդ երբեք չի ընդունի ահաբեկչական կազմակերպության առաջնորդին որպես խալիֆ, իսկ ինչ վերաբերվում է Շիաներին, ապա նրանք իսկզբանե չեն ընդունել ումմայի ազդեցիկ անդամներից մեկին խալիֆ հռչակելու սկզբունքը: Ըստ նրանց խալիֆ կարող են լինել միայն Մուհամեդի ընտանիքի անդամները և նրա հետ արյունակցական կապ ունեցողները: Բացի այդ ի տարբերություն սուննիների նրանք դեռևս սպասում են 12-րդ թաքնված իմամի հայտնվելուն:
Ոչ մեկի համար էլ գաղտնիք չեն Ալ-Ղաիդայի խալիֆայություն ստեղծելու ուտոպիստական գաղափարները, բայց դրանք իրոք որ ուտոպիստական են և երբեք չեն կարող իրականություն դառնալ, իսկ այս նորաստեղծ «խալիֆայությունը» անկախ ամենինչից թե ինչ քաղաքական ընթացք և ճակատագիր կունենա, երբեք չի կարող միավորել բոլոր մուսուլմաններին:
Այնուամենայնիվ նորահռչակ ՙՙխալիֆը՚՚ իշխանության օրինականությունը հաստատելու համար ընդգծում է իր Հաշիմ տոհմից սերված լինելու մասին, ինչպես նաև որպես հակափաստարկ բերում է այն հանգամանքը, թե Իսլամի պատմության ընթացքում խալիֆի ընտրության հարցում երբեք միասնական կարծիք չի եղել:
Այս ամենին զուգընթաց Նիգերիայում Խալիֆայություն ստեղծելու մասին հայտարարություն է տարածել նաև ՙՙ Բոկո Հարամ՚՚ ծայրահեղական կազմակերպությունը: Չի բացառվում, որ այս պրակտիկան կարող է տարածվել Ասիայի և Աֆրիկայի իսլամական մյուս երկրներում նույնպես:
Կարպիս Փաշոյան