Ըստ ամենայնի, Վլադիմիր Պուտին-Պետրո Պորոշենկո երեկվա առանձնազրույցն առանձնապես արդյունավետ չի եղել ու կոնկրետ արդյունքի չի բերել:
Նախ, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այդ հանդիպումը բնորոշեց անարդյունավետ բառով, ապա ռուսները հայտարարեցին, թե ակնկալում են փոփոխություններ Ուկրաինայի ու ԵՄ-ի կնքած Ասոցացման պայմանագրում, ինչ անմիջապես արժանացավ Կիևի կոշտ արձագանքին:

 


Ուկրաինայի իշխանությունները չեն պատրաստվում փոխել Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի տեքստը, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:
«Պետք չէ մեր ռուս գործընկերների ցանկությունները որպես իրականություն ընդունել: Համաձայնագրի տեքստը մենք չենք փոխելու: Կվավերացնենք և կիրականացնենք»,- գրել է Կլիմկինը Twitter-ի իր էջում:

 


Այս ամենը գալիս է փաստելու, որ պետք չէ Ուկրաինայի արևելքում գոնե հարաբերական հանգստություն ակնկալել երկվա հանդիպումից հետո: Նույնիսկ ավելին, կողմերից յուրաքանչյուրը փորձելու է ցույց տալ իր ուժը՝ դիմացինին ապացուցելու համար, որ չի պատրաստվում կապիտուլացվել:
Ուկրաինայի իշխանությունը փորձելու է հնարավորինս արագ վերահսկողություն սահմանել Դոնբասում: Սա Պորոշենկոյին պետք է, որպեսզի Արևմուտքի գործընկերներին ցույց տա, որ վերահսկում է իրավիճակը ու հնարավորինս քիչ զիջումնեի գնա Ռուսաստանին:

 


Չմոռանանք նաև խնդրի ներքաղաքական ասպեկտը. Ուկրաինայում նշանակված են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, իսկ նախընտրական փուլում, որպես կանոն, քաղաքական սուբյեկտները հանդես են գալիս ավելի արմատական դիրքերից:

 


Մոսկվան Արևմուտքի հետ իր հարաբերությունները կարգավորելու խնդիր ունի, միևնույն ժամանակ՝ գիտակցում է, որ Արևմուտքից ու Ուկրաինայից զիջումներ կարող է կորզել, եթե Դոնբասում պահպանի ՙՙթեժությունը՚՚, այլ խոսքով՝ նպաստի Ուկրաինայի իշխանությունների հակաահաբեկչական օպերացիայի տապալմանը:
Ըստ այդմ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ռուս-ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հնարավորությունը գրեթե զրոյական է:

 

 

Սուրեն Սուրենյանց