Դատելով Ուկրաինայի Արևելքում տիրող իրավիճակից, պրոռուսական կողմերը բեկում են մտցրել ռազմաճակատի իրավիճակում ու սրնթաց հակահարձակողական օպերացիա են իրականացնում, որը սպառնում է շատ սեղմ ժամկետներում կոտրել ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղը տարածաշրջանում և ողջ հետխորհրդային տարածքում, քանի որ ապստամբների հաղթանակի դեպքում Ուկրաինան վերջնականապես կվերադառնա Ռուսաստանի ազդեցության գոտի և որ ավելի սարսափելի է ԱՄՆ-ի համար՝ Ռուսաստանն ուղղակի ու անուղղակի միջոցներով կանցկացնի Ուկրաիանական քաղաքական-հասարակական-տնտեսական դաշտի ամբողջական լյուստրացիա ու քաղաքացիական պատերազմի շղարշի ներքո ջուրը կլցնի տարիների ընթացքում ու բազմամիլլիարդանոց ծախսերի շնորհիվ ԱՄՆ-ի կողմից կուտակած մարդկային ու կադրային կապիտալը:


ԱՄՆ-ին խաղի այդ ռաունդը վերջնականապես տանուլ չտալու համար մնում է երկու տարբերակ: Առայժմ անհավանական է թվում միայն դրանցից մեկ՝ բաց կոնֆրոնտացիայի ու ընդհուպ մինչև զինված դիմակայության մեջ մտնել Ռուսաստանի հետ (ինչը ավտոմատ կերպով կներքաշի նաև Իրանին ու Չինաստանին), կամ էլ այլ կերպ ասած՝ Երրորդ Համաշխարհային պատերարազմ սանձարձակել: Երկրորդ տարբերակը, որը ավելի հավանական է՝ ապակայունացնել հետխորհրդային ողջ տարածաշրջանը:


Նման փորձ արվեց՝ Արցախում լարվածության վերջին թռիչքային աճը, բայց Ռուսաստանի օպերատիվ արձագանքը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հավասարակշռված ու ոչ արկածախնդիր գործելաոճը բերեցին նրան, որ միկրոպատերազմը չվերաճեց լիամասշտաբ պատերազմի ու քիչ հավանական է, որ կողմերը առաջիկա մի քանի ամիսներին (իսկ Ուկրաինայի ճգնաժամի ռուսանպաստ շրջադարձին մոտավորապես այդքան էլ մնում է) իրենց նախաձեռնությամբ կսկսեն նման ինչ որ բան:


Այդ նկատառումներից ելնելով, մեծ հավանականությամբ ԱՄՆ-ը առաջիկա ամիսներին ամեն ինչ կանի, որպեսզի թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում քաղաքական ներքին սուր ճգնաժամային իրավիճակ հրահրի, որպեսզի ստեղծվի ներքին անկայուն մթնոլորտ, որից օգտվելով հնարավոր կլինի երկրորդ փորձն անել նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում:


Բացի դրանից, մեծ վստահությամբ կարելի է ակնկալել, որ շատ շուտով կտրուկ կապակայունանա իրավիճակը Միջին Ասիայում ու հատապես Ղրղզստանում և Տաջիկիստանում, որտեղ շեշտակի կակտիվանան Աֆղանստանից ներթափանցող իսլամիստական խմբավորումները, ինչպես նաև էլի կհհրահրվի ներքին անկայունություն, որը կարող է բերել մեծ տարածաշրջանային պայթյունի:


Այս ամենի նպատակն է հնարավորինս շղթայել Ռուսաստանի գործողությունները, որը բացեյբաց ապստամբել է ամերիկյան հեգեմոնիայի դեմ, բայց դեռ այնքան չի ամրացել, որ միանգամից այդքան ճակատներով կարողանա վերահսկել իրավիճակը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ինքն է բավականին բարդ իրավիճակում ու հետագա անկայունությունը կարող է աստիճանաբար անցնել հենց ՌԴ տարածք:


Մի խոսքով, Մեծ Խաղի նոր փուլը դեռ նոր է սկսվում ու այն բախտորոշ է ոչ միայն ուկրաինացիների համար, այլ ողջ հետխորհրդային տարածքի:

 

 

Գեղամ Ասլամազյան