Բացատրել, թե ինչ է գրավչությունը, այնքան էլ հեշտ չէ: Ծանոթանում ես մի մարդու հետ, ասես ոչ մի առանձնահատուկ բան չկա. ոչ աչքի զարնող գեղեցկություն, ոչ առանձնահատուկ խելք: Սակայն մի հինգ-տասը րոպե խոսելով հասկանում ես, որ նոր ծանոթից չես ուզում բաժանվել, նա այնքան գրավիչ է: Սակայն լինում է նաև հակառակը. աղջիկը և՛ գեղեցիկ է, և՛ խելացի, սակայն ինչ-որ բան պակասում է: Ա՛յ հենց այդ «ինչ-որ բանն» էլ գրավչությունն է, որը մեզ զանազանում է ամբոխից, գրավում մեզ շրջապատի մարդկանցից:
Այստեղ իր նկատմամբ ոչ անտարբեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն հարց տա. «Իսկ ես այդ գրավչությունն ունե՞մ»: Ավաղ, այս հարցին կարող են պատասխանել միայն մեզ շրջապատող մարդիկ: Ընդ որում, եթե դուք կին եք, դիմեք այս հարցով տղամարդուն և՝ ընդհակառակը: Չէ՞ որ հակառակ սեռի ներկայացուցիչներն ավելի սրությամբ են զգում միմյանց մոտ այդ հմայքի առկայությունը:
Մագնիս-մարդ
Ի՞նչ սկզբունքով է բնությունը պարգևում այդ արտոնությունն ընտրյալներին՝ անհասկանալի է: Պարզ է մեկ բան. վստահությունը, ուժը և հմայքը «գրավիչ» մարդկանց անբաժանելի հատկություններն են: Նրանք անուղղելի լավատես են և հաջողակներ, որոնց համար ոչ մի անկարելի բան չկա, որովհետև մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է նրա հետևից նետվել կրակի ու ջրի մեջ: Անգամ ամենաառօրեական երևույթների մեջ նրանք կարողանում են գտնել ուրախություն ու բավականություն, ու դեռ մի բան էլ իրենց կենսասիրությամբ լիցքավորել շրջապատի մարդկանց: Մի խոսքով՝ նրանք նման են մագնիսի, ովքեր ձգում են իրենց ազդեցության դաշտում հայտնված բոլորին: Ի դեպ, այդ հմայիչ մարդկանց զինանոցում կան նաև այլ հատկություններ:
Արտահայտչականություն: Այս մարդիկ բնությունից հրաշալի դերասան և հռետոր են: Միայն մեկ հայացքով կամ շարժումով նրանք կարողանում են ասել այն, ինչ զգում են: Ու այնքան արտահայտիչ, որ նրանցից աչք չես կտրի:
Հրապուրվածություն: Որպես կանոն՝ հմայիչ մարդիկ մեծ սիրով են վերաբերվում այն ամենին, ինչով հարկ է լինում զբաղվել կյանքում: Նրանց եռանդն այնքան վարակիչ է, որ նվազագույնը հարգանք է առաջացնում, առավելագույնը՝ նրանց օրինակին հետևելու ցանկություն:
Նպատակասլացություն ու հաջողակություն: Եթե նրանք մի բան որոշեն այդպես էլ կլինի, չկասկածեք:
Ինքնավստահություն: Նրանց զգացմունքները, մտքերն ու գործերը համապատասխանում են: