Քանի որ շուտով սկսվելու է նոր ուսումնական տարին, ինչը բնավ չի նշանակում, որ ուսանողներն ու աշակերտները սկսելու են սովորել, ու քանի որ նրանցից շատերն այս օրերին զբաղված են հիմնականում հանգստանալով, նոր հագուստ, կոշիկ և հեռախոս փնտրելով, ապա իրենց աչքից հեռու մի կարևոր բան գրեմ սովորելու մասին:


Տարածված կարծիք կա, թե սովորում են՝ իմանալու համար, և շատ իմանալը լավ է: Սա մոլորություն է, իրականում սովորում են հասկանալու համար: Իմանալ այն, ինչ գրված է գրքում, անիմաստ է, քանի որ ցանկացած վայրկյան կարելի է բացել գիրքը և իմանալ դա: Այսինքն, իմանալն առանձնահատուկ արժեք չունի, եթե ընդամենը գրքի բովանդակության արտատպումն է գլխում: Ամենաարժեքավորը հասկանալն է:


Իմանալ նշանակում է կարողանալ վերարտադրել: Մեր կրթական համակարգը՝ միջնակարգն էլ, բարձրագույնն էլ, հիմնված է վերարտադրելու վրա, ինչի հետևանքով էլ արդյունավետ չի գործում:


Հասկանալ նշանակում է կարողանալ ուրիշին բացատրել, գիտակցել իրերի էությունը, կարողանակ կիրառել այդ գիտելիքը, պատկերացնել նաև կիրառման սահմանները և հետևանքները: Հասկանալ նշանակում է կարողանալ պատասխանել «ինչու» հարցին:


2+2=4, բոլորդ գիտեք: Իսկ հասկանու՞մ եք, ինչու հենց 4, ոչ թե 7 կամ 9: ԻՆՉՈւ՞՞՞՞


Իմանալով մարդ չի հասունանում, մարդուն հասունացնում է հասկանալը: Շատ գիրք կարդալն արժեք չունի, եթե չես հասկանում կարդացածդ, այդ իսկ պատճառով մարդու արժեքը ոչ թե նրանում է, թե նա ինչ գիտի, այլ նրանում, թե նա ինչ և ինչքան է հասկանում:

 

 

Մովսես Դեմիրճյան