Այն, որ լկտիությունը սահման չունի, երևի թե այլևս ապացուցման կարիք էլ չունի: Դա ապացուցեց նաև Լիտվայի առողջապահության կին նախարարը՝ հայտարարելով, որ «էվտանազիան (բժշկական միջամտությամբ ինքնակամ կյանքից հեռանալը) կարող է դառնա լավ ընտրություն չքավորների համար, ում սոցիալապես անապահով լինելու պատճառով հասանելի չէ բուժօգնությունը»:

 


Նախարարը կոչ է արել սկսել քննարկումներ Լիտվայում էվտանազիայի օրինականացման վերաբերյալ, և չի զլացել նշել, որ «Լիտվան սոցիալական պետություն չէ, որ պալիատիվ բուժօգնությունը հասանելի լինի բոլոր ցանկացողներին»: Նա չի մոռացել նշել նաև մանկաբուժական էվտանազիայի մասին՝ կոչ անելով օրինակ վերցնել Բելգիայից:
Ըստ էության, ապրզ է դառնում, որ բանն արդեն հասել է անմարդկային վերաբերմունքի: Եթե պետական պաշտոնյան արդեն հասել է հակաժողովրդական քայլերի և դա չի առաջացնում անհապաղ հետևանքներ իր համար, ապա վստահաբար այդ պետությունում ինչ-որ բան այնպես չէ:

 


Իսկ իրականում խնդիրն ավելի խորն է: Մշտապես պայքարն աղքատության և հարստահարման դեմ ընթացել է մարդու իրավունքների դրոշի ներքո: Ի վերջո, բարեկեցիկ կյանքով ապրելն էլ է իրավունք:
Սակայն արևմտյան երկրների իշխանությունները ժամանակի ընթացքում նենգափոխել են դա՝ շեշտը դնելով դեկլարատիվ բնույթի «իրավունքների» վրա, որոնք, սակայն, ոչինչ են առանց սոցիալական իրավունքների և վերջիններիս իրական կենսագործման:

 


Իսկ հիմա արդեն իրավունքների անհատականացման մոլուցքը հասել է վերջին՝ մահվան իրավունքի երաշխավորմանը: Իհարկե, դրանից շահում են միայն շահագործողները՝ ազատվելով ավելորդ մարդկանցից:

 

 

Գեղամ Ասլամազյան