Կիևում Փարաջանովն ապրում էր հենց կենտրոնում: Նրա ոչ մեծ բնակարանի երկու պատուհանները նայում էին հրապարակին, ուր իշխանությունը տոնական շքերթներ էր կազմակերպում:
Հոկտեմբերի հերթական հոբելյանի օրը Փարաջանովը եկավ տուն և զարմացած կանգնեց ննջարանի դռան արանքում: Սենյակում, չնայած արևոտ եղանակին, մութ էր: Շքերթի կազմակերպիչները նրա տան պատին կախել էին Բրեժնևի վիթխարի դիմանկարը: Գենսեկի փարթամ հոնքերով աչքերը ընկել էին հենց նրա երկու պատուհանների վրա: Մի աչքը' ննջարանի պատուհանի վրա, մյուսը' խոհանոցի:
Ժամանակ չկորցնելով' Փարաջանովը բացեց պատուհանը, վերցրեց ամենասուր մկրատը, մագլցեց պատշգամբի վրա և փորձառու արվեստագետի գործնականությամբ լուսաթափանց ուրվագծով կտրեց Բրեժնևի աչքը: Հետո աթոռը դրեց կտրված կտորի մեջտեղում և, հարմար տեղավորվելով պատշգամբի վրա, սկսեց ուշիուշով նայել տոնական խանդավառությամբ քլթքլթացող առաջավոր աշխատավորների շարասյանը:
Մի քանի րոպե անց կանոնավոր շարասյուներով մեկ սարսուռ անցավ: Ինչ-որ մեկը մատնացույց էր անում Բրեժնևի դիմանկարին և… պապանձվեցին' Բրեժնևի մի աչքը, ասես կենդանի, ակտիվ շարժվում էր, և բոլորին թվաց, թե նա ուրախ աչքով է անում շքերթի մասնակիցներին:
Բնականաբար շատ շուտով ննջարանի դուռը բացվեց, և բնակարան ներխուժեցին գազազած պակականները: Մեկ ցատկով հասնելով պատուհանին' նրանք պատշգամբից ներս քաշեցին Սերգեյին' «կենդանի» աչքի փոխարեն թողնելով դատարկ աթոռը: Իսկ մարդիկ շարունակում էին նայել գենսեկի աչքի արդեն որբացած փոսին, և ցուցարարների քրքիջը ծածկում էր նվագախմբի թնդյունը:
- Ես ոչ մեկին չեմ ծաղրում, – հանգիստ պատասխանում էր Սերգեյը գնդապետների վրդովված ճիչերին: – Ես ընդամենը իմ բնակարանից նայում եմ շքերթը, բայց…. Բրեժնևի աչքով: Երբվանի՞ց է դա հանցագործություն դարձել:
Գարիկ Գրիգորյան