Ռուսն ու ամերիկացին վիճում են, թե ով է ավելի ազատ երկրի քաղաքացի: Ամերիկացին որպես դրա վկայություն ասում է, որ ինքն, օրինակ, կարող է քննադատել իր երկրի նախագահին: Ռուսն էլ ավելացնում է' քննադատելը որն է, ես կարող եմ հայհոյել քո երկրի նախագահին:

 

Ինչու հիշեցի սովետական անեկդոտը. ասեմ' ով գնում է ԱՄՆ' սկսում է աշխարհի ամենամեծ մեղքերի մեջ մեղադրել ամերիկացիներին, իսկ ՌԴ գնացած հայի բերանից նման բան երբեք չես լսի: Հասկանում եմ, որ ՌԴ հայը հաջորդ օրը կհայտնվի բանտում, մեկ ուրիշ տեղ և կամ գոնե դուրս «կհրավիրվի» ՌԴ-ից, ու այդ պատճառով է լռում: Բայց այդ լռության ֆոնին շատ ավելի հետաքրքիր է դառնում ամերիկյան քննադատությունը' կարծես ոչ թե սովետն էր, այլ հենց ԱՄՆ-ն է չարիքի կայսրությունը:

 

Եթե այդքան վատ է այդ երկիրը, եղեք սկզբունքային մինչև վերջ և գնացեք Ռուսաստան' այնտեղ ձեզ ավելի հարազատ կզգաք Ամերիկան քննադատելիս, թե չէ օգտվել ամերիկյան հումանիտար համակարգից /խոսքը սոցիալականի մասին չէ, այլ ընդհանրական առումով եմ ասում/ ու անընդհատ հայհոյել այն ստեղծած երկիրը' դա այնքան էլ սիրուն բան չի:

 

 

Վախթանգ Սիրադեղյան