Ազգային, հոգևոր և մշակութային գործիչ Վազգեն Ա-ն Ամենայն հայոց 130-րդ կաթողիկոսն է' 1955–94 թթ-ին:Վազգեն Ա (ավազանի անունը' Լևոն-Կարապետ) Պալճյանը նախնական կրթությունն ստացել է Օդեսայի հայկական նախակրթարանում: Ռումինիայում վերահաստատվելուց հետո սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924–26 թթ-ին՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում:

 

1936 թ-ին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թ-ին՝ գործնական մանկավարժության բաժինը:1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933 թ., Փարիզ), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937 թ-ի հունիսից 1938 թ-ի մայիս):

 

1929–43 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942–44 թթ.) կազմում: 1943 թ-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ. Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–55 թթ.): 1948 թ-ի մայիսի 23-ին Սբ. Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թ-ի մայիսին՝ եպիսկոպոս: 1954 թ-ի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները:1955 թ-ին ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ ծավալել է եկեղեցաշինական-վերականգնողական մեծ աշխատանք. նրա օրոք վերանորոգվել են Էջմիածնի Մայր տաճարը, Սբ. Հռիփսիմե, Սբ Գայանե, Սբ Շողակաթ եկեղեցիները, Խոր վիրապի վանքը, Գեղարդավանքը և բազմաթիվ այլ շինություններ: Մայր տաճարի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Գյուլբենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը, ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը:

 

Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի Ավետարանը», «Վեհամոր Ավետարանը», Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր:1962 թ-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ: Վազգեն Ա-ն մասնակցել է կրոնական գործիչների՝ Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի):

 

Կարևոր են նաև Վազգեն Ա-ի իմաստասիրական և հրապարակախոսական երկերն ու հայրապետական գրությունները, որտեղ, սկսած առաջին՝ «Նոր սերունդին համար» («Մարտկոց», 1933 թ.) հոդվածից, արծարծել է սփյուռքահայությանը հուզող խնդիրներ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերի ու առաքելության հարցերը: Նրա գործերում նրբին անդրադարձ կա նաև մարդու ներանձնական ու հոգևոր-իմացական աշխարհին («Մուսա լերան հայերը Ֆրանց Վերֆելի վեպին մեջ», «Խրիմյան Հայրիկ որպես դաստիարակ»): Հայաստանի աստիճանական վերականգնմանը նվիրված ձոն է «Հայրենի արևին տակ» ուղեգրական ակնարկաշարը: Պատարագի արարողության ընթացքն ու խորհուրդը մատչելի բացատրություններով ներկայացված և ազգային տեսանկյունից վերիմաստավորված են «Մեր Պատարագը» գրքույկում:

 

 

Դեռևս 1988 թ-ի փետրվարի 25-ին Հայաստանի հետ Արցախի վերամիավորման հարցով Վազգեն Ա-ն դիմել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային բարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ 1989 թ-ին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Նրա ջանքերով վերստին սկսել են գործել Սյունիքի և Գուգարքի թեմերը:

 

Վեհափառ հայրապետն օրհնել է Հայաստանի նորոգ անկախությունը: 1992 թ-ի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին' սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը:Վազգեն Ա-ն իր օրհնած վերջին՝ վեցերորդ մյուռոնը (1991 թ-ի սեպտեմբերի 29-ին) անվանել է Անկախության մյուռոն, որով և օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» (նկարիչ՝ Գրիգոր Խանջյան) պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր:

 

2008 թ-ին «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով (գիրք ԺԶ) լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս (1908–1994)» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն:Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան (1962 թ.) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968 թ.) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952 թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968 թ.) և Ժողովուրդների բարեկամության (1978 թ.) շքանշաններով:

 

Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991 թ.), ՀՀ-ում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը (1994 թ.): Վազգեն Ա-ի անունով կոչվել են Սևանի հոգևոր դպրանոցը և դպրոց' Վանաձորում, հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008 թ.) և Մայր աթոռ Աբ Էջմիածնում (2010 թ., քանդակագործ' Ֆրիդ Սողոյան):

 

 

Նարեկ Կիրակոսյան