Հայաստանում կկառուցվի գազային էլեկտրակայան՝ 540 Մվտ հզորությամբ: «Անակլիա էներջի» կազմակերպությունը՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ՀՀ կառավարությունից ակնկալելում է գազի երաշխավորված ծավալի մատակարարում, անհրաժեշտ թույլտվությունների, հարկային արտոնությունների տրամադրում և այլն:

 


Այն, որ Հայաստանում ներդրումներ են արվելու, և այն էլ այնպիսի կարևորագույն ճյուղում, ինչպիսին էներգետիկան է, ուրախալի է...Սակայն այսպիսի ներդրման տնտեսական-բնապահպանական նպատակահարմարությունը խիստ կասկածելի է մի շարք պատճառներով.

 


1. Ամբողջ աշխարհի առաջադեմ պետությունները ներդրումները խթանում և արտոնություններ տրամադրում են վերականգնվող և այլընտրանքային էներգետիկան զարգացնելու համար:Ջերմային էներգետիկան էներգետիկայի մահացող ճյուղ է՝ չնայած դեռևս աշխարհում արտադրվեղ էլեկտրաէներգիայի առյուծի բաժինը (համարյա 70 %) տալիս է ջերմայինը:

 


2. Խորհրդային Հայաստանում արտադրվել է մինչև 15 մլրդ կվտ.ժ էլեկտրաէներգիա, ներկայումս 6-7 մլրդ (փակվել է ՀԱԷԿ-ի մեկ բլոկը, սակայն բացվել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկը՝ 450 Մվտ): Հետևաբար, նվազագույնը 4-5 մլրդ կվտ.ժ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն կա և դա հիմնականում կիսատ-պռատ աշխատող Հրազդանի ջէկ-ում: Թող օգտագործվեն Հրազդանի ջէկ-ի հնարավորությունները:

 


3. ՀՀ-ում կառուցվելու է 1100 Մվտ հզորությամբ ատոմակայան, Արաքսի վրա՝ բավական հզոր ջրէկ, որոնցում արտադրված էներգիան ավելի էժան է, իսկ էկոլոգիպես՝ նվազ վնասակար: Եթե ջէկը կառուցվելու է Երևանում կամ Արարատյան գոգավորության այլ հատվածում, զգալիորեն մեծանալու է բնապահպանական ճնշումը: Ինչքան էլ գազային կայանները լինեն ժամանակակից, միևնույն է, օդի թույլ շրջանառություն ունեցող գոգավորությունում, որտեղ աղտոտումը արդեն բարձր աստիճան ունի, մթնոլորտի աղտոտումը զգալի կլինի...

 


4. Ո՞ր երկիր է արտահանվելու էլեկտրաէներգիան: Տարածաշրջանում միակ երկիրը, որը կարող է նման հզորությունների գործարկմամբ արտահանումը սպառել դա Թուրքիան է: Վրաստանում էլեկտրաԷներգետիկական ինքնապահովման մակարդակը արագորեն աճում է, նավթ ու գազ ունեցող Իրանը հսկայածավալ ներդրումներ է իրականացնում այդ ոլորտում: 100 մլն-ավոր դոլարներ ներդնել մի նախագծում, որը Թուրքիայի նման թշնամի երկրից է կախված լինելու, բիզնեսի տեսանկյունից անտրամաբանական է...

 


5. Ինչպե՞ս է կառավարությունը երաշխավորելու գազի որոշակի ծավալի մատակարարումը ՀՀ-ն գազի սեփական պաշարներ չունի, դժբախտաբար, և ուրեմն, ինչպե՞ս է այլ երկրներից ներկրվող գազի ծավալի համար երաշիքներ տալու Հայաստան մտնող գազամուղները ունեն խիստ որոշակի ծավալներ մատակարարելու հնարավորություններ: Ի դեպ, Իրանի հետ գազ-էլեկտրաէներգիա փոխանակումը Հրազդանի ջէկ-ում, կարծես, չի աշխատում....

 

Հ. Գ. Սա, ըստ երևույթին, հերթական «աննախադեպ» ծրագիրն է, ասենք, Համահայկական բանկի, Դիլիջանի միջազգային ֆինանսական կենտրոն դառնալու, Իրան-Հայաստան երկաթուղու, Հայաստանում սև մետալուրգիան զարգացնելու և այլ լոլոների նման: Ի դեպ, «Անակլիա էներջի» անունով ընկերություն չկարողացա գտնել համացանցում Սպասենք՝ տեսնենք:

 

 

 

Վահրամ Սարգսյան