Մեր թիմի երեկվա ասուլիսը բավականին լավ լուսաբանվեց: Այն որ լրագրողների ճնշող մեծամասնությունը եկել էր հանրության իրազեկված լինելու պահանջը բավարարելու նպատակով՝ ուրախացնող փաստ է: Հետաքրքիր մեկնաբանություններ ու նյութեր եղան, ընդ որում երբեմն տրամագծորեն մեկը մյուսին հակառակ և գնահատականներում տարբերվող:
Նման էին միայն սպասելի ու կանխատեսելի «կսմիթները», որոնց հեղինակներն, իրենց կարծիքով, ծավալվելու հարմար առիթ և «լավաշանման» նյութեր գրելու բացառիկ հնարավորություն ստացան: Ուրախ եմ նաև նրանց համար, քանզի եթե մեր ասելիքը լրատվական դաշտի նաև այդ սեգմենտին է հետաքրքրել, դա էլ է դրական արդյունք ...
Բայց քանի որ մի շարք «քննադատա-բացահայտողական» հարցադրումներ են հնչել, հարկ եմ համարում արձագանքել: Եվ ահա ուզում եմ ասել, որ.
1. կյանքում և աշխատանքում ստեղծագործ (կրեատիվ) մոտեցումը համարում եմ զարգացման և առաջընթացի, և որ ոչ պակաս կարևոր է՝ ճաշակի բարձրացման նախապայման ու շարունակելու եմ աշխատել նույն ոճով,
2. այն ինչ ես ստեղծել եմ կյանքում և ինչ ունեմ (նյութականն ի նկատի ունեմ սոսկ, քանզի ոչ նյութականը շատ ավելին է...) ստեղծված են աշխատանքի շնորհիվ, լեգիտիմ են և հայտարարագրված,
3. թիմային աշխատանքը համարում եմ արդյունավետ, աշխատանքս միշտ եղել է թիմային, թիմային էլ շարունակելու եմ ու ուզում եմ հպարտանալ մի փոքր. դատական համակարգում իմ ստեղծած ուժեղ և ստեղծագործ թիմը շատ կարճ ժամանակահատվածում հրաշալի արդյունքներ արձանագրեց: Վստահեցնում եմ, որ նախարարությյան իմ թիմը ոչ պակաս արդյունավետ է լինելու: Խոստանում եմ, որ այդ հաջողություններով կկիսվենք ձեզ հետ:
P.S.
Անկեղծ ասած, ցանկություն առաջացավ կիսվելու հիշյալ հրապարակումներից մեկով: Հրապարակմամբ, որն ինձ ամենաշատն է դուր եկել:
Ինչ մեղքս թաքցնեմ, «քասթինգը» մոտս վատ չի ստացվում ...
Հովհաննես Մանուկյան