Ռուսական իշխող քաղաքական և տնտեսական վերնախավին այդպես էլ չհաջողվեց դառնալ Արևմտյան աշխարհի կառավարող ընտրանու մասը՝ նրան թույլ չտրվեց ինտեգրվել եվրո-ամերիկյան համակարգին, որպես իրավահավասար ու նույնական բաղադրատարր, որը կունենա իրավունքներ ու կկիսի պարտականությունները գործընկերների հետ: “Անառակ որդու” վերադարձը չկայացավ ու դրա փոխարեն սկսվեց նրա նոր վտարման գործընթացը: Այս համատեքստում ռուս փորձագետները կարող են ՌԴ-ին սահմանակից երկրներում պատերազմական ակտիվության աճը դիտարկել, որպես Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք, բայց նաև պետք է հիշեն, որ Ռուսաստանում ինչ-որ մի բան սխալ էր հաշվարկվել ժամանակին և այդ սխալ հաշվարկի պտուղները հիմա հասունացել են ու եկել է բերքահավաքի ժամը:
Սահմանային զինված ընդհարումներ հրահրելու միջոցով Ադրբեջանը ժամանակ է փորձում շահել, ձգտում է այնպես անել, որ իր առջև դրված ճամբարի ընտրության անհրաժեշտությունը հետաձգվի՝ Ալիևը վախենում է կանգնել Ռուսաստանի կողքին կամ հստակորեն սատարել Արևմուտքին, հասկանալով, որ ցանկացած որոշումը կարող է աղետալի լինել իր իշխանության և ընտանիքի համար: Այս համատեքստում մարտավարության տեսանկյունից նրան նհրաժեշտ էր նախ լարել իրավիճակը, որպեսզի Սոչիի հանդիպումից հետո հնարավոր լիներ գոնե մի ինչ-որ արդյունք գրանցել, մի դրական շարժ արձանագրել:
Բոլոր դեպքերում, պետք է ամեն պահի պատրաստ լինել պատերազմի՝ հատկապես առաջիկա երկու-երեք տարիները ռազմաքաղաքական զարգացումների առումով շատ բարդ են լինելու:Լարումն աճելու է հատկապես ՌԴ սահմանների ողջ երկայնքով: Ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում կարող է գոնե քաղաքական հարձակումների պատճառ դառնալ, իսկ ղարաբաղյան հիմնախնդիրը ապասառեցված հայտարարելու միջոցով ամերիկացիները, թերևս, նախազգուշացնում են ռուս գործընկերներին՝ վերջիններիս սպառնացող հնարավոր բարդությունների բովանդակության և ուղղվածության մասին:
Ռուս-իրանական ռազմավարական ալյանսի հեռանկար այս պահին գոնե չեմ տեսնում: Իրանը շատ պրագմատիկ արտաքին քաղաքականություն վարելու ավանդույթ ունի և գերադասում է իրեն ավելորդ պարտավորություններով չծանրաբեռնել հատկապես խոշոր պետությունների հետ ունեցած իր հարաբերություններում: Հայաստանը Իրանի համար հատուկ նշանակություն ունեցող երկիր է և այս պարագայում շատ բան կախված կլինի հենց Երևանի պահվածքից:
Արման Մելիքյան