«Մենք հարուստ ենք դարավոր ավանդներո՞վ: Այո՛: Բայց մի՞թե ավելի ենք հարուստ, քան Սահարան ավազով: Իսկ գիտե՞ք, որ եգիպտացիք տարեկան մի քանի հազար խորանարդ մետր ավազ են ծախ առնում Անգլիայից, և գիտե՞ք, թե ու՞մ համար: Սահարա՜յի համար… ավա՜զ' Սահարա՛յի համար, որովհետև անապատի ավազը մանր է և բետոն չի դառնում:
Բետոն ունենալու և մեր ազգային գրական շենքը կառուցելու համար մենք ոչ միայն իրավունք ունենք, այլև պարզապես պարտավոր ենք ավազ ներմուծել' որտեղից էլ որ դա լինի: Եվ այսպե՛ս, ճիշտ այսպե՛ս էլ վարվել են մեր հեռավոր ու մոտավոր բոլոր այն նախնիները, որոնք այսօր մեր սրբություններն են և սրբություն են դարձել հենց նո՛ւյն պատճառով, «ավազ ներմուծելու» շնորհիվ' սկսած Մաշտոցից մինչև Տերյան ու Չարենց, մինչև Մեծարենց ու Վարուժան: Եվ ավելորդ եմ համարում նման մի դահլիճում իմ այս միտքը մանրելու, յուրաքանչյուր ոք պիտի որ իմանա դա:
Բայց ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ ժողովուրդների (մանավանդ փոքր ժողովուրդների) հարատևման երկու եղանակ կա միայն. կա՛մ ընթանալ համամարդկային քաղաքակրթության հետ զուգաքայլ, կա՛մ ապրել նախնական-վաչկատնային կյանքով: Այս վերջին ճամփան մեր առջև փակ է և փակ է արդեն ավելի քան 1500 տարի: Ուրեմն, սուրբ Մեսրոպի կամքով թե մեղքով, մեզ մնում է միայն մե՛կ ճանապարհ' աշխարհի առաջադեմ երկրներից շատ ետ չմնալու, նրանց հետ համաքայլելու ուղին: Հակառակ դեպքում մեզ չի փրկելու ո՛չ մի հովանոց կամ անձրևանոց. պիտի այրվենք կամ նեխվենք:»
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ներքեվում տեղադրված իր ճառից….ՀԶՈՐ Է
Անժելա Բարսեղյան