Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից, նախարարության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել Խոշոր հարկ վճարողների տեսչությունում հաշվառված «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում (սեփականատեր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան): Այս ընկերությանը պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևանի Տիչինայի փողոցի 136 հասցեում գտնվող «Արմսվիթ» ՍՊԸ–ի պահեստ շաքարավազի բեռնաթափման պահին օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով բեռն ուղեկցող փաստաթուղթ են պահանջել:
Տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, ըստ դուրս գրված հարկային հաշվի, «Արմսվիթ»-ին մատակարարվել է 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումք, սակայն պարզվել է, որ «Արմսվիթ»-ի պահեստում արդեն իսկ բեռնաթափվել էր 5500կգ հումք: Այսինքն, «Ալեքս Գրիգ»-ն իրականում դուրս էր գրել 2500կգ շաքարավազի հարկային հաշիվ, սակայն փաստացի առաքել էր 5500կգ, որից 3000կգ, ըստ ներկայացված փաստաթղթերի, պետք է տեղափոխվեր «Ալեքս Գրիգ» ընկերության մանրածախ վաճառքի կետ: Խախտման վերաբերյալ կատարվում են հաշվարկներ' պետությանը պատճառած վնասի չափը ճշտելու համար:
Անահիտ Գրիգորյան