Գուցե մի քիչ շտապում եմ, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Սոչիի եռակողմ հանդիպումն ավարտվել է առանց շոշափելի արդյունքների:
Գոնե առայժ տեսանելի չէ, որ այս հանդիպումը կեզրափակվի գոնե համատեղ մի հայտարարությամբ:
Եվ սա բնական է. թեև կողմերը խոսել են խաղաղության կարևորության մասին, սակայն փոխադարձ մեղադրանքներով:
Ալիևը մեր նախագահին հիշեցրել է ՄԱԿ-ի չորս բանաձևերի մասին, Սարգսյանն Ալիևին ակնարկել է, որ 90-ականներին վերադարձն ոչ մի լավ բան չի խոստանում Ադրբեջանին:
Պուտինին էլ չէր լքում բարի ժպիտը, որովհետև նա այս դեպքում զենք վաճառող չէր, այլ մարդ, ով միջազգային հանրությանը փորձում էր համոզել, որ հակամարտ կողմերին խաղաղեցնելու նախաձեռնություն է անում:
Ի սկզբանե պարզ էր, որ այս հանդիպումը կարգավորման գործընթացին, զուտ բովանդակային առումով, ոչինչ չի տալու. վառոդի հոտը չափազանց թարմ է, որպեսզի կողմերը կարողանան քննարկել կարգավորման դետալներ:
Բայց վախենամ, որ այս հանդիպումը նշանակալի չէ նաև կայուն հրադադարի հաստատման տեսանակյունից, որովհետև, ինչպես արդարացիորեն այսօր նշել էր Կարնեգիի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը, Ռուսաստանի համար՝ ԼՂ խնդիրն այսօր առաջնահերթություն չէ:
Նախնական եզրակացությունս այն է, որ այս հանդիպումը գուցե մի փոքր թուլացնի հայ-ադրբեջանական լարվածությունը, սակայն, հազիվ թե, կայուն հրադադարի վերականգնման երաշխիքներ ստեղծի...
Աստված տա՝ սխալվեմ....
Սուրեն Սուրենյանց