Այսօր Թուրքիայում պատմական օր է:
Առաջին անգամ հարևան երկրի նախագահին ընտրում է ոչ թե խորհրդարանն, այլ՝ ժողովուրդը:
Նախագահի պաշտոնի հավակնորդներն երեքն են:
Գործընթացի բացահայտ ֆավորիտը գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ով կառավարությունը գլխավորում է 2003թ-ից ու այլևս սահմանադրորոեն դրա իրավունքը չունի: Նրա կողմնակիցները խանդավառված են իրականացվող տնտեսական բարեփոխումներով, հակառակորդները դժգոն են Էրդողանի ավտորիտար կառավարումից ու իսլամիստական կողմորոշումից: Թուրքիայի գործող վարչապետը խոստանում է, որ ընտրվելու դեպքում կիրականացնի սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում երկրի կառավարումը կդառնա նախագահական: Շատերը չեն կասակածում, որ Էրդողանը հաղթելու է հենց առաջին փուլում՝ իր տակ կառուցելով իշխանության նոր բուրգ: Միջազգային մամուլը հաճախ ընդհանրություններ է գտնում Էրդողանի ու Պուտինի կառավարման ավտորիտար ոճերի միջև:
Ընդդիմադիր հիմնական ուժերը՝ ձախակենտրոն Ժողովրդահանրապետական ու աջակենտրոն ՙՙԱզգային շարժում՚՚ կուսակցություններն առաջադրել են 71-ամյա Էկմելեդդին Իհսանօղլուի թեկնածությունը: Նա հայտնի գիտնական է՝ МГИМО-ի պատվավոր դոկտոր, տաս տարի ղեկավարել է Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, սակայն Թուրքիայում մեծ ճանաչում չունի:
Քեմալականների պաշտպանությունը վայելող այս գործիչը դեմ է սահմանադրական բարեփոխումներին ու նախագահի լիազորությունների մեծացմանը:
41-ամյա քուրդ գործիչ Սելյահաթթին Դեմիրթաշը հենվում է իր հայրենակիցների ու նաև հասարակ, աշխատավոր թուրքերի աջակցության վրա:
Ինչևէ, այս ընտրությունների ելքը, մեծ հաշվով, կանխորոշված է: