Սևրի հաշտության պայմանագիրն ստորագրվել է 1920 թ-ի օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում: Պայմանագրով' Հայաստանը պետք է ստանար 90 հզ. կմ2, իսկ ՀՀ-ի հետ կունենար 161330 կմ2 տարածք՝ Սև ծով ելքով: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում են Հայաստանին:

 


Սևրի պայմանագիրը կնքվել է Թուրքիայի սուլթանական կառավարության և Առաջին աշխարհամարտում (1914–18 թթ.) հաղթանակած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Հայաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորության, Հեջազի (արաբական թագավորություն) միջև: Հայաստանի առաջին հանրապետության կողմից պայմանագիրն ստորագրել է պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը: Վերջինս և արևմտահայության ներկայացուցիչ, Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ: Միջազգային իրավունքի տեսակետից' ՀՀ-ն, որպես պայմանագրի մասնակից, ճանաչել են պայմանագիրն ստորագրած մյուս բոլոր պետությունները:

 


Սևրի պայմանագրի հիմքում դրվել են 1916 թ-ին Լոնդոնում ստորագրված Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրի (նախատեսում էր Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանումը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև) ու 1920 թ-ի Սան Ռեմոյի (Իտալիա) խորհրդաժողովի որոշումները:
Պայմանագիրը բաղկացած է 13 մասից և 433 հոդվածից: Թուրքիան Հայաստանը ճանաչել է որպես «ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան և Հայաստանը համաձայնել են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի վիլայեթներում (նահանգներ) 2 պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ-ի նախագահի որոշմանն ու ընդունել նրա որոշումը և Հայաստանին դեպի ծով ելք տալու ու հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ բոլոր առաջարկները: Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով:

 

Եթե այդ տերություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակիցները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում: Սևրի պայմանագրով թույլատրվել է բնակչության կամավոր փոխանակում. 18-ից բարձր տարիք ունեցող անձիք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մեկ այլ երկրում՝ իրենց ազգային կամ կրոնական պատկանելիությանը համապատասխան, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում: Այդ մարդիկ պահպանում էին իրավունքն անշարժ գույքի նկատմամբ: Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ-ի օրենքը: Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունն օրենքի առաջ պետք է ապահովեր կառավարությունը:

 


Պայմանագրի «Պատիժներ» մասում թուրքական կառավարությունը ճանաչել է դաշնակից պետությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մարդկանց:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ ելք ունենան դեպի Սև ծով: Դաշնակիցները բարյացակամորեն են վերաբերվել Կարսից Ճորոխի հովտով դեպի Բաթում «Հայկական միջանցքի» գաղափարին, սակայն պայմանագիրն ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկել է երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով: Եվ քանի որ դեռևս հայտնի չէր Տրապիզոնի նավահանգստի՝ Հայաստանին պատկանելիության հարցը, հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորել են տարանցման արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն:

 


ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ-ի նոյեմբերի 22-ին իր որոշումը հանձնել է եվրոպական տերություններին: Որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի վիլայեթների ավելի քան կեսը, Էրզրումի վիլայեթի հիմնական մասը, Տրապիզոնի վիլայեթի արևելյան հատվածը՝ ներառյալ համանուն քաղաքը: Ընդհանուր առմամբ այդ տարածքը 90 հզ. կմ2 էր և ՀՀ-ին ապահովում էր ելք դեպի Սև ծով:
Սևրի պայմանագրով լուծվելու էր Անկախ և Միացյալ Հայաստանի ստեղծման հարցը, սակայն այն մնաց թղթի վրա: Քեմալական Թուրքիան չի ճանաչել սուլթանական Թուրքիայի ստորագրած պայմանագիրը:

 

Քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, հասել են Սևրի պայմանագրի վերանայմանը, իսկ 1922–23 թթ-ի Լոզանի (Շվեյցարիա) խորհրդաժողովում' նրա վերացմանը: Դաշնակիցները ճանաչել են Մուստաֆա Քեմալի՝ Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք Սևրի պայմանագրով տրվելու էին Հայաստանին: Ավելին, նրանք ճանաչել են Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկել են նաև Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն:
Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես հուշագիր Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու' հայ ժողովրդի իրավունքի մասին:

 

 

Մարինա Գևորգյան