1993 թվականն էր: Պատերազմի ամենաթեժ, վճռական օրերը:
Գորիսի շրջանի Տեղ գյուղի կամավորական ջոկատի հրամանատար Մելոն, /այսօր՝ Հայոց բանակի գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը /, սահմաններում իրականացված հերթական մարտի ժամանակ գերևարել և գիշերով գյուղ էր իջեցրել երկու ադրբեջանցու:
Բերել էր տուն և ծնողներին պատվիրել՝ փակի տակ, նկուղում պահել գերիներին և ամեն օր կերակրել:
Ինքն անմիջապես նորից մեկնել էր դիրքեր:
-Տեսեք, հա՜,-գնալուց ասել էր մորը,- դուք որ սոված էլ մնաք, էս գերիներին պիտի կերակրեք, սաղ-սալամաթ պահեք, որ փոխանակելու ենք մեր երեք գերու հետ…
Գերիները 50-60 տարեկան ամուսիններ էին, քուրջ ու փալասի մեջ կորած, մի ահավոր ողորմելի գյուղացիներ, որոնք չէին հասցրել փախչել ազատագրած տարածքից…և նրանց նայելիս, ինչպես Եսենինը կասեր, կովը անգամ կհեկեկար:
Դեպքից քիչ անց, հերթական ռեպորտաժի մեկնելով Տեղ գյուղ, ,,պատիվ,, էի ունեցել Մելոյենց բակում տեսնել գերիներին, որոնց Մելոն իբր ուզում էր մատաղ անել ոտքերիս տակ..
Իսկ ովքե՞ր էին հայ գերիները, որոնց հետ կամավորական ջոկատի հրամանատար Մելոն պատրաստվում էր փոխանակել.
14 և18-ամյա եղբայրներ Արմեն և Արամ Բաղդասարյանները, որոնք գերևարվելու պահին գտնվում էին գյուղի ներքին թաղի այգիներում…
Այդ օրը գյուղի տարածք դավադրաբար ներխուժած թշնամու զինված խմբավորումը գերևարել և տարել էր նաև 21-ամյա Հրայր Աբալյանին:
Հայ գերիները շուրջ մեկ ամիս գերևարության մեջ էին, երբ Մելոն ադրբեջանցի ամուսին գերիներին բերեց գյուղ:
Իսկական ցնծություն էր գյուղում, գյուղացիները, մեր գերիների ընտանիքները հույսով խանդավառվել էին, որ վերջապես Արամն ու Արմենը, Հրայրը կփոխանակվեն և կվերադառնան տուն:
Երբ ես գյուղում էի, մայիս ամիսն էր, այն ժամանակ ջոկատի հրամանատարն արդեն թշնամու հետ բանակցությունների մեջ էր, և երկու կողմերի հրամանատարները պատրաստվում էին առաջիկա շաբաթվա մեջ կազմակերպել գերիների փոխանակումը: Մելոյին հավատացնում էին, որ հայ երեք գերիները ողջ-առողջ են և նույնը պահանջում էին նաև մեր կողմից. միայն կենդանի, ողջ-առողջ գերիների հետ կկատարեն փոխանակումը, երկուստեք այսպես էր դրված պայմանը:
Ասեմ, որ գերևարված եղբայրների ավագ եղբայրը՝ Հայոց բանակի գնդապետ Ալբերտ Բաղդասարյանը, դեռ այն ժամանակ արդեն Արցախյան պատերազմի նվիրյալ սպաներից էր, պատերազմից առաջ ավարտել էր ՌԴ Ռազմական Ակադեմիան և պատերազմը սկսվելուն պես՝ անմիջապես վերադարձել հայրենիք, մեկնել պատերազմական օջախներ:
Պայմանավորված շաբաթը դժվար էր անցնում, բոլորս անհամբեր սպասում էինք մեր գերիների փոխանակմանը, նրանց վերադարձին:
Երկու անգամ հաջողացնում և ռացիայով կապվում ենք Մելոյի հետ. պայմանը չէր փոխվել. շաբաթվա վերջում Ներքին Խնձորեսկի սահմանում պետք է կատարվեր գերիների փոխանակումը:
Նախորդ՝ մայիսյան ռեպորտաժն արդեն գրել ու տպագրել էի տեղական թերթում, որտեղ մանրամասն տեղեկացրել էի նաև փոխնակվելիք գերիների մասին:
Այնպես որ՝ մեզ հետ միասին, այդ փոխանակմանը սրտատրոփ սպասում էր նաև Գորիսի ողջ հասարակությունը:
Պետք է ասել՝ այդ իրադարձությանը անսահման դրամատիզմ էր հաղորդում մանավանդ 14-ամյա Արմենի գերևարումը, և երևի բոլորս էլ ներքին մտատանջություն և մտավախություն ունեինք. արդյո՞ք Արմենը կդիմանար թշնամու կեղտոտ ձեռագրին, որի մասին ամենքս էլ գիտեինք… Արդյո՞ք Արմենը… ողջ է...
Երբ տարակուսանքս հայտնեցի Գորիսի միլպետ Միշա Խոյլունցին, որը պետք է ուղեկցեր փոխանակման մեր շարասյունը, զարմացած և վրդովված ինձ նայեց՝ ,,Էդպիսի բան հնարավոր չէ, մենք պայման ունենք: Եթե մեկի մազը ծռված լինի, կփրթենք բոլորին…,,:
Ի դեպ, Մելոն էլ համարյա նույնն էր ասել օրեր առաջ, երբ տարակուսել էի՝ բա որ մերոնց վնասած բերե՞ն…
Լեզուս չէր պտտել, որ ասեի՝ սպանած-խոշտանգած…Ճիշտն ասած՝ իմ մտքով էլ դա չէր անցնում, մտահոգվում էի միայն տասնչորսամյա պատանու համար…այն էլ ոչ թե նրան սպանած լինելու, այլ՝ ուղղակի իրավիճակին չդիմանալո՜ւ ուղղությամբ…Մյուս երկուսը հույս ունեի, որ կդիմանան…
Փոխանակման օրը եկավ:
Մինչ այդ ես Մելոյին խնդրել էի, որ փոխանակելուց՝ ինձ էլ որպես լրագրողի, կանչեն…/ի՜նչ խելահեղություն իմ կողմից…/
Օր առաջ մեր թերթի խմբագիրն էլ միլպետի հետ խոսելուց, ասաց՝ մեր Սուսաննան էլ ուզում է մասնակցել փոխանակմանը, կարելի՞ է՝ իրեն էլ տարեք ձեզ հետ, լուսանկարչին էլ կուղարկեմ…
Ես արդեն հոգեբանորեն պատրաստ էի մասնակցել փոխանակմանը, ավելին, բացարձակ համոզված էի, որ կմասնակցեմ…
Էլ ո՞վ, եթե ոչ՝ ես,- արդարացիորեն մտածում էի ես,- Տեղ գյուղի պաշտպանության ողջ շարժը իմ աչքերի առջև է եղել և ես եմ մշտապես լուսաբանել այն, ընդհուպ ՝ պատմական Թուրուսի խութի գրավման ողջ նախօրեն և ընթացքը, հաղթանակի այգաբացը…
Հաճախ ընկնելով հրետակոծությունների տակ, իսկ Կոռնիձորում բացահայտ և միամիտ՝ դուրս գալով զինյալ օմոնին դեմ առ դեմ, երբ տարածք ներխուժելով, փորձել էին խուճապով տարհանել բնակչությանը…
Հիասթափությունս անչափ մեծ էր, երբ և Մելոն , և Միշա Խոյլունցը կտրուկ մերժեցին ինձ՝ լրագրողի մասնակցությունը համարելով ծրագրից դուրս և խիստ վտանգավոր:
Մելոն ուղղակի ասաց՝ քույր, հասկացիր խնդրում եմ, կարող ա էնտեղ փոխհրաձգություն սկսվել, կարող ա իրար կոտորենք, մեզ ավել զոհ պետք չի: Մենք էլ չգիտենք՝ ինչ կարող է լինել…,,:
Ինչևէ, ես հիմա անչափ շնորհակալ եմ, որ ինձ մերժել են…Ո՞վ գիտե՝ կկարողանայի՞ պահպանել հոգեկան հավասարակշռությունս…
Փոխանակման ողջ ընթացքի մասին ամենայն մանրամասնությամբ հաջորդ օրն իսկ տեղեկացա…
Մեր շարասյունը թուրք երկու գերիների հետ պայմանավորված գիշերվա ժամին տեղում էր:
Տեղում էր նաև հակառակորդի շարասյունը՝ հայ երեք գերիների հետ:
Սկզբում երկար ժամանակ խոսակցություն է գնացել՝ առաջինը գերիներին դուրս հանելու և հանձնելու մասին:
Մեր կողմը տեսնելով, որ հակառակորդը միտք չունի հայ գերիներին առաջինը հանձնել՝ պատճառաբանելով, որ իրենց գերիները երկուսն են, իսկ հայ գերիները՝ երեքը, ի վերջո տեղի են տվել և մեքենայից հանել, առոք-փառոք՝ ադրբեջանցի ամուսին գերիներին ուղեկցել են մի քանի քայլ հեռավորությամբ՝ սահման:
Հակառակորդ կողմը մոտեցել և հարցրել է գերիներին՝ լա՞վ եք, ձեզ լա՞վ են պահել, կերակրե՞լ են, չե՞ն ծեծել, բռնաբարել կամ խոշտանգել:
Ամուսին գերիները նայել են մերոնց կողմը, մինչև գետին խոնարհվել, արտասվել և շնորհակալություն հայտնել Մելոյին, բոլոր հայ զինվորներին:
,,Մելոն ազիզ տղա է,-ասել են,- Մելոյին Աստված թող պահի…,,:
Մերոնք երկու քայլ հետ են գնացել, որպեսզի պայմանավորվածության համաձայն հակառակորդի հրամանատարներն էլ ուղեկցեն հայ գերիներին՝ դեպի հայկական սահման, ողջ-առողջ հանձնեն իրենց:
Մի քանի ծանր րոպեներ են անցել, Մելոն թուրքերեն գոռացել է՝ էդ ինչ ա, չե՞ն կարողանում քայլել, հո չե՞ք ջարդել մերոնց ոտքները…Տեսեք հա՜, մազները ծռված լինի, սաղիդ ստեղ կոտորելու ենք..
Լռություն է տիրել, չեն պատասխանել: Քիչ անց նրանցից մեկը նույն ձևով գոռալով, ասել է. ,,Ի՞նչ ես ասում, Մելո ախպեր, նրանք բոլորն էլ ողջ-առողջ են, հիմա կգան…,,:
Մելոն վատ բան է նախազգացել, նայել է Խոյլունցին և առանց խոսքի՝ միասին քաշել են ավտոմատները, ստարտ վիճակի դնելով:
Ակնթարթի մեջ նկատել են՝ քամու պես հակառակորդի շարասյունը պոկվեց տեղից՝ բաց դռնից օդ նետելով երեք կապոտած-փաթաթած մարմին:
Նրանց շարասյանն են անմիջապես միացել օմոնի՝ մթության մեջ պախկված մի քանի ուղեկցող մեքենաներ, արագորեն անհետացել մթության մեջ:
Մի քանի րոպե մերոնք դղրդացրել են երկինքը՝ կրակոցներով, հրաձգությամբ…
Այլևս մեր հրաձգությունն ու նետված նռնակները անօգուտ էին. մեր սպանված գերիներին տերություն անե՜լ էր պետք…
Երեքն էլ սպանված էին:
Երեքն էլ խոշտանգված, նսեմացված և տանջահար էին արված միջնադարյան ամենաստոր եղանակներով:
Երեք ջահելներին էլ հուղարկավորեցին երեսները փակ…
Պատերազմը դեռ շարունակվում էր, և նրա ավարտն այնքան էլ մոտ չէր…
Սուսաննա Բաբաջանյան