Պատերազմի ընթացքում շատ եմ շփվել գերիների հետ, քանի որ հայրս կոմենդանտ էր ու իր պատասխանատվության ներքո էին գերիները: Հիշում եմ, որ հստակ մոտեցում կար, որ գերիներին չի կարելի ճնշել: Ճիշտ է հաճախ տղաները կռվի դաշտից հետ գալուց ջղայնացած գալիս էին թուրքերին տեսնելու, սակայն տեղում գտնվողները հասկանում էին, որ պետք է թույլ չտալ գերիների նկատմամբ ճնշումներ կիրառել: Իհարկե իդեալական վիճակ չէր, բայց ամեն դեպքում մարդիկ աշխատում էին թույլ չտան բռնություն գերիների նկատմամբ:

 

 

Մի անգամ հայրս կարճ ժամանակով վերադառնալով տուն, պատմում էր, որ Մոնթեի հրահանգով ադրբեջանցի է տարել հիվանդանոց: Այդ տարիքում դժվար էր հասկանալ, թե ինչո՞ւ ենք մենք թուրք տանում հիվանդանոց' վիրահատելու, երբ պատերազմի մեջ ենք նրանց հետ: Բայց հետադարձ հայացք գցելով' հասկանում եմ, որ դա եղել է մեր առավելությունը:

 

 

Միանշանակ նման վարքագիծը ևս կարևոր դեր է խաղացել մեր հաղթանակի կերտման գործում: Եթե պատերազմի թեժ պահին մարդիկ հասկացել ու կարողացել են պահել նման սկզբունքներ, ապա մենք այսօրվա պայմաններում առավելը պետք է կարողանանք անել:

 

 

Արմեն Գրիգորյան