Այսօր հայտնի դարձավ, որ նախօրեին ադրբեջանական գերությունում հայտնված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը սպանվել է: Պաշտոնական Բաքվի մեկնաբանությունների համաձայն, գյուղացին մահացել է սրտանոթային անբավարարության պատճառով: Սակայն թշնամու առաջ քաշած վարկածն ակնհայտորեն կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին են վկայում, օրինակ, բոլոր այն ֆոտո և տեսանյութերը, որոնք այդքան ջանասիրաբար տարածվում էին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից: Այնտեղ հստակ երևում է, որ Կարեն Պետրոսյանը ծեծի և կտտանքների է ենթարկվել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների կողմից: Ակնհայտ է, որ երիտասարդի տանջանքները շարունակվել են նաև կադրից դուրս, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառ: Ավելին՝ վստահ կարելի է պնդել, որ Կարենի սպանությունը Ալիևի վարչակազմում մշակված գործողություն էր: Այդ կերպ պաշտոնական Բաքուն ցանկանում էր լուծել առնվազն երեք խնդիր.


ա) ակնհայտ էր, որ գյուղացուց դիվերսանտ «կերտելու» ճանապարհին ադրբեջանական քարոզչամեքենան մի շարք բացթողումներ և կոպիտ սխալներ է թույլ տվել: Թշնամու ոգևորությունն այնքան մեծ էր, որ անգամ Կարեն Պետրոսյանի հագուստը չէին հասցրել փոխել առաջին նկարահանումների ժամանակ: Հետո սուտը հետևեց ստին և բոլորին պարզ դարձավ, թե ինչ էժան թատրոն է բեմադրել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Բացահայտված և աշխարհով մեկ խայտառակ լինող Ալիևի վարչակազմը խնդիր ուներ րոպե առաջ վերջ դնել այդ խեղկատակությանը: Եվ նրանք անցան իրենց բացթողումների հետևանքների ոչնչացման գործին: Բնականաբար՝ սկսեցին Կարենից:


բ) սպանելով Կարեն Պետրոսյանին՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են նաև պատասխան քայլի դրդել նաև հայկական կողմին: Վաղուց է պարզ, թե որքանով է մտահոգված պաշտոնական Բաքուն այն փաստից, որ իրենց երկու դիվերսանտները կանգնելու են Արցախի Հանրապետության դատարանի առջև: Թշնամին գիտի, թե ինֆորմացիայի ինչ պաշարների է տիրապետում իր դիվերսանտներից յուրաքանչյուրը: Ուստի, ադրբեջանցիների համար ավելի նախընտրելի է մեռած տեսնել իրենց զինվորներին, քան հայերին ինչ-որ բան պատմելսի:


գ) Վերջապես պարզ է, որ Կարեն Պետրսյանի սպանությունը լիովին տեղավորվում է հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը լարելու պաշտոնական Բաքվի՝ վաղուց իրականացվող մարտավարությանը: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և նրան պետք է մտածածն իրականություն դարձնելու առիթներ ստեղծել: Անմեղ գյուղացու սպանությունը, բնականաբար, չէր կարող չցնցել հայ հասարակությանը, ինչն էլ իր հերթին նպաստում է լարվածության աստիճանի բարձրացմանը:

 

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան