Մարդկային ցինիզմը և հատկապես գերտերությունների ցինիզմը կարծես սահմաններ չունի: Գերտերություններն արդեն իրենց ցինիզմի ավելցուկից աստիճանաբար տոկսիկոզ են ստանում: Կեղտոտ քաղաքականությունը մտել է ամեն տեղ' նույնիսկ անկողին, նույնիսկ եկեղեցի…


Արդեն սովորական են դարձել տնտեսական շրջափակումը, տնտեսական զանազան պատժամիջոցներն ու դրանք գնալով նոր' ժամանակակից բնույթ և որակ են ստանում: Սակայն գիտեք որն է ցավը, որ այդ ամենն արվում է շատ հաճախ մարդակային մեծ արժեքների, վեհ նպատակների շղարշով…


Ինչպես գիտեք, Արևմուտքը Ուկրաինայի դեպքերի հետ կապված պերմանենտ պատժամիջոցներ է կիրառում ռուսաստանցի պաշտոնյաների, քաղաքական, մշակույթի, հասարակական գործիչների և տնտեսական-ֆինանսական կառույցների, գործարարների նկատմամբ: Հիմա էլ Պուտինը հայտարարեց և ստորագրեց պատժամիջոցներ' պատժիչների նկատմամբ: Ռուսաստանն այլևս այդ երկրներից գյուղատնտեսական ապրանքներ, պահածոներ և սննդամթերք չի ներմուծի:


Հիրավի իրար արժանի են, որովհետև նույն զիբիլն են, նույն սանդի կտավը, նույն երկակի, քառակի, բազմակի ստանդարտների ջատագովները և կիրառողները, նույն բազմադեմ տականքները: Եվ մեծ հաշվով թքած ունեն փոքր տերությունների, մարդկային ճակատագրերի, մարդկային մեծաքանակ զոհերի վրա:


Ցինիզմի մեկ այլ գերադրական աստիճան են դրսևորում ԱՄՆ-ը և Եվրամիությունը…Նրանք հայտարարում են. Ռուսաստանի այդ պատժամիջոցները ավելի կբարդացնեն իրավիճակը, ավելի կմեկուսացնեն Ռուսաստանին և ավելի կսրեն իրավիճակը: Ոչ ավել, ոչ պակաս…Բա ինչպես, իրենց պատժամիջոցներն այլ են' անդրծովյան, <<պուպուշ>>, մարդասիրական, առաջադեմ, համամարդկային…Իրենց պատժամիջոցները կարգավորում են, չեն սրում իրավիճակը և չեն մեկուսացնում Ռուսաստանին' ամենևին, ընդհակառակը:


Ինչ անուն տաս, չգիտես…Չնայած արժանի են միմյանց և արդեն զզվեցրել են բոլորին, աշխարհը սարքել են խամաճիկների թատրոն ու կլոունադա:


Սակայն չկա չարիք, առանց բարիքի: Ռուսաստանի այս պատժամիջոցից պետք է հնարավորինս շահած դուրս գա Հայաստանը: Մեր կառավարությունը, գործարարները պետք է արագ ուսումնասիրեն Ռուսաստանի հսկայածավալ շուկան և փորձեն մեր հայրենական ապրանքները լցնեն այնտեղ' սննդամթերք, պահածոներ, գյուղմթերք…


Արևմտյան արտադրողներն էլ հիմա կսկսեն նոր շուկաների փնտրտուքը, այստեղ ևս իրենց լուրջ խնդիրներն ունեն նաև մեր ներկրող ընկերությունները, որոնք կարող են ավելի հարմար գներով ներմուծել Ռուսաստանի շուկայից դուրս մղված ապրանքատեսակները: Կառավարությունն էլ պետք է ստանձնի այս աշխատանքները կազմակերպողի, ուղղորդողի և օգնողի դերը…Այնպես որ, գոնե հիմա մի քնեք, արագ է պետք մտածել և գործել, մրցակիցները շատ են …

 

 

Ռոբերտ Մելքոնյան