Ի՞նչ իմաստ ունի ձեռք բերել «Մերսեդես» մակնիշի զրահապատ ավտոմեքենա վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար, որի շուկայական արժեքը շուրջ 600 հազար ԱՄՆ դոլար է և որից օգտվելը հարիր է ոչ թե մեզ նման աղքատ, այլ հարուստ պետության ղեկավարներին: Հարց է առաջանում, թե որտեղից է այդքան գումար վճարվել կես միլիոն դոլարից ավելի արժեք ունեցող նժույգի համար: Եթե դա իրականություն է, ինչպես գրել էր թերթը, ապա սա հերթական ծաղրանքն է ժողովրդի նկատմամբ:
Եթե վարչապետը մեքենան ձեռք է բերել սեփական միջոցներով, մեկ պարզ հարց է ծագում. որտեղի՞ց նրան այդքան գումար: Եթե մի պաշտոնյա Հայաստանում ամբողջ կյանքը զբաղեցնի երկրի առաջին պաշտոնները և ոչ մի գումար չծախսի, նա այդ գումարի կեսն անգամ չի հավաքի (խոսքը աշխատավարձով ապրող պաշտոնյայի մասին է): Հակառակ դեպքում' այդ մարդը պետք է ունենա սեփական բիզնեսներ, մոնոպոլիաներ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, իսկ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ մեր վարչապետը ոչ մի բիզնես չունի:
Իսկ եթե այդ գումարը հատկացվել է բյուջեից, ապա սա ոչ պակաս ողբերգություն է: Մի՞թե բանական ու տրամաբանական է մեր երկրի այսչափ աղքատ պետական բյուջեից 600 հազար դոլար տրամադրել մեկ մարդու համար մեքենա գնելուն, այն էլ' երկրի ոչ թե առաջին դեմքին, այլ' ընդամենը երրորդ:
Գոռ Գևորգյան