Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին նոկդաունի են ենթարկվել: Այսօր առավոտյան ժամը 10-ից սկսած ադրբեջանական ամենահայտնի լրատվամիջոցների կայքերը ենթարկվում են հզոր DDoS հարձակման: Մասնավորապես թիրախային են' apa.az, haqqin.az, vesti.az, armenia.az լրատվականները: Ինչպես հասցրել են հայտարարել ադրբեջանցիները, հարձակումներն իրականացնում են հայկական և ռուսական ինտերնետ ծառայություններից օգտվող հաքերները: Ըստ նրանց' հաքերների IP հասցեները բաց են և այնհայտ է, թե որտեղից է իրականացվում հարձակումը:
Այս պահին չի գործում armenia.az կայքը, որը թեպետ հայերեն կայք է, բայց ամբողջովին ադրբեջանական քարոզչամեքենային է պատկանում, մյուս կայքը, որ ժամանակավորապես անհասանելի էր, հակահայկական քարոզչություն իրականացնող vesti.az-ն էր, իսկ APA ադրբեջանական լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որ իրենց մասնագետները այս պահին շարունակում են անել հնարավոր ամեն ինչ կայքը պաշտպանելու համար:
Նշեմ, որ երեկ ամբողջովին շարքից հանվել էլ ակնհայտ ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական haqqin.az -ը: Այն կոտրել էին «ԱՍԱԼԱ» հաքերային խմբավորման անդամաները' կայքում տեղադրելով հայկական դրոշի գույներով բռունցք և գրություն' «Եթե դուք վերջ չտաք պատերազմին, պատերազմը վերջ կտա ձեզ»:
Հիշեցնեմ, որ DDoS հարձակումը միաժամանակ մի քանի համակարգերից հարձակում է կայքի վրա, որի արդյունքում կայքը դառնում է անհասանելի համացանցից օգտվողների համար, ինչպես նաև անկառավարելի կայքի տերերի համար' արդյունքում հեշտացնելով կայքի ամբողջական շարքից հանելը և կոտրելը:
Արմեն Մխեյան